Հայ ռազմագերին, որին իբր օգնություն են ցուցաբերել, մահացել է արնահոսությունից. օմբուդսմեն․ ՄԻՊ (տեսանյութ)
Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայ գերիներից շատերի մարմինների վրա կան խոշտանգման հետքեր։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Բացի այդ, ՄԻՊ-ի խոսքով, գրանցվել է նաև դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց հետո նա մահացել է։
«Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին ([խոսքը հայ զինծառայող Դավիթ Գիշյանի մասին է-խմբ․)։ Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսևորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- ասել է Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում