Եթե, Աստված չանի, կորոնավիրուսային իրավիճակը սրվի՝ բոլոր գործիքակազմներն օգտագործելու ենք. Անահիտ Ավանեսյան
Վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ։ Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու են բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում: Հիմա զբոսաշրջային բավականին բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են: Եվ, իհարկե, պետք է նաև Հայաստան՝ արդեն որերորդ անգամ, ներթափանցեր վարակը»,- ասաց Ավանեսյանը։
Նա զերծ մնաց կանխատեսումներից, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից։
«Եթե, Աստված չանի, համաճարակային իրավիճակը սրվի, մենք, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ: Ընթացիկ հետազոտություններ մշտապես արվում են: Այս պահին շրջանառվում է BA.5 տեսակը, որն օմիկրոնի ենթաշտամներից է»,- ընդգծեց նախարարը: