Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև.Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների խնդիրները, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին` նշվել է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև: Դրանց պահպանության հարցն օրախնդիր է:
Նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը բարձրաձայնում է միջազգային կառույցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում: Խնդրի մտահոգությամբ պայմանավորված՝ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ: