Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և խաղաղության պայմանագրի բանակցությունները։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանն աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով:
«Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակության համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերին օգնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: