Կա՛մ ՔՊ-ից գոնե 20 պատգամավոր պետք է անցնի ընդդիմադիր դաշտ, կա՛մ ԱԺ-ն պետք է ցրվի․ Չալաբյանն ասաց, թե ինչպես պետք է հեռացնել Փաշինյանին
Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։
Ավետիք Չալաբյանն էլ նկատեց, որ երկրում ստեղծված ճգնաժամի դեմքը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց պետք է իշխանության դեմ պայքարել այնպես, որպեսզի ներքին ցնցումներ չլինեն։
«Մեր ազգային նսեմացման ու մեր կորուստների խորհրդանիշն է և այն մարդն է, որ շարունակում է տանել կորուստների ճանապարհով ու այդ կորուստները հիմնավորելով»,-ասաց Չալաբյանն ու հավելեց, որ մենք այսօր գտնվում ենք 2 քարի արանքում։
«Մենք մուրճի և զնդանի արանքում ենք: Պետք է հասկանանք, որ մեր պայքարը պետք է լինի այն ճանապարով, որ թշնամու առաջ նոր դռներ չբացենք։ Այն լինելու է սահմանադրական ճանապարհով։ Խորհրդարանական երկիր ենք, ու հնարավորություն կա այդ ճանապարով նոր իշխանություն ձևավորել»,- ասաց Չալաբյանը։
Նա պարզաբանեց, որ այդ առումով կա երկու եղանակ՝ կամ իշխող մեծամասնության պատգամավորներից գոնե 20-ը պետք է անցնեն ընդդիմադիր դաշտ, ապա կձևավորվի խորհրդարանական նոր մեծամասնություն։ Մյուսը՝ խորհրդարանը ցրելու և նոր խորհրդարանական ընտրությունների գնալու տարբերակն է:
Վերջին տարբերակը, Չալաբյանի խոսքով, այնքան էլ ցանկալի չէ, ուստի վերջիններս հույս ունեն, որ ՔՊ-ի պատգամավորները խելամիտ կգտնվեն ու կանցնեն հակառակ ճամբար։