Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ. հունվարի 27-ին Բեյրութում։
1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։
Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։
1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։
1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է: Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։