Թուրքիան պատրաստ է երկխոսություն կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև․ Էրդողանի մամուլի խոսնակ
«Թուրքիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ և դեմ է այս երկրների միջև ցանկացած տեսակի լարվածության։ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել տարածաշրջանում իրավիճակի նոր սրացում թույլ չտալու համար»։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
Թուրքիայի ղեկավարի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի առճակատումը չի համապատասխանում ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի շահերին, և հիշեցրել է նախագահ Էրդողանի՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հնչեցված առաջարկը։
«Անշուշտ, լավագույն լուծումը կլինի հարցը լուծել կողմերի կողմից, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից։ Դա կատարյալ կլիներ: Սակայն եթե դա չստացվի, ապա Թուրքիան կարող է դերակատարում ունենալ և կառուցողական ներդրում ունենալ լարվածության թուլացման գործում։ Անկարան պատրաստ է երկխոսության հարթակ ստեղծել և թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ դրական հարաբերությունների շնորհիվ և քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Արևմտյան շատ երկրներ նման կառուցողական հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ, և այս առումով Թուրքիան բարենպաստ դիրքում է գտնվում»,- ասել է Քալինը։