Ինձ թվում է` մամուլի մտահղացումն է. Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան
Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրենը պետք է նշանակվի «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից, քանի որ բաժնեմասերի մեծ տոկոսն ունի հենց այդ ընկերությունը: Աժ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու մասին հարցին:
«Այդ մասին տեղեկություն չունեմ. ինձ թվում է, որ այն մամուլի մտահղացումն է: Տիգրան Ավինյանը, ինչքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը»,-ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ անհասկանալի է նաև այն, թե ինչպես բաժնեմասերը հայտնվեցին «Գեոպրոմայնինգ» ընկերության ձեռքում, բայց ենթադրություններ ունի, որով դեռ չի կիսվի։
Պատգամավորը խոստացավ, որ երբ վերջնական պարզի, թե ինչ է կատարվել, անմիջապես ասուլիս կհրավիրի ու բոլոր հարցերին կանդրադառնա:
Հարցին, թե վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է վտանգ է սպառնում, ցանկացած վտանգ ստանում է իր պատասխանը և այդպես էլ շարունակվելու է»: