Նիքոլ Փաշինն ընտրություններ է կազմակերպել քաղաքական վրեժխնդրության նկատառումով, նրան չի հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը․ Գևորգ Պետրոսյան
Նիքոլ Փաշինը (անուն-ազգանունը շեշտվել է մեր զրուցակցի կողմից-հեղ․) ընտրություններ է կազմակերպել ոչ թե ի շահ Հայաստանի Հանրապետության, ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, այլ քաղաքական վրեժխնդրության նկատառումով։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Վարդենիսում իր համակիրներին արած կոչը՝ «գնացեք ընտրատեղամաս և ցույց տվեք՝ ժեխը ով ա»։
«Սրանից հետո թող արդեն ժողովուրդը դատողություն անի, թե ինչքանով է ճիշտ ձայն տալ մի մարդու, ով պետական բյուջեի սուղ պայմաններում նման ահռելի ծախսերի է գնում ընդամենը քաղաքական վրեժխնդրության համար և նրան ընդհանրապես չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության ժողովրդի և առհասարակ, հայ ժողովրդի ճակատագիրը»,- ասաց Պետրոսյանը։
Հարցին, թե այսինքն՝ կարծում է, որ Փաշինյանը վերընտրվելո՞ւ է, Պետրոսյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում, որովհետև նա ահաբեկված է։
«Դրա վառ ապացույցը նրա ջղաձիգ ելույթներն են, որևէ ծրագիր չի ներկայացնում, որևէ տեսլական չի ներկայացնում, ընդամենը հանրահավաքները կազմակերպում է ժողովրդին սպառնալու համար, որպեսզի հատկապես հանրային ծառայության ոլորտում ընդգրկված մարդիկ, ահաբեկված լինելով պոտենցիալ պաշտոնանկությունից, ստիպված իրենց ձայնը տան մարդակերին»,- եզրափակեց անկախ պատգամավորը։