Նիկոլ Փաշինյան, դու միակ ղեկավարն ես, որին գերեզմանոցից են լարում, դե գնա, հաշիվդ վերցրու. Գևորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանը եղել է մեր երկրի միակ ղեկավարը, ում գերեզմանոցից լարել են: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես չեմ կարող ասել, որ, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը միանշանակ ընդունվել են բոլորի կողմից, բայց նրանցից որևէ մեկին գերեզմանոցից չեն լարել: Դուք հասկանո՞ւմ եք սրա նկատմամբ ժողովրդի իրական, օբյեկտիվ վերաբերմունքը: Փառք էդ սգավորին, իհարկե, տա Աստված, որ նա այդպիսի սուգ չունենար, բայց նա իր տղամարդկային կերպարը ցույց տվեց, ասեց՝ ես քեզ թուլ չեմ տալիս մոտենալ իմ հարազատի գերեզմանին, դա իմ իրավունքն է: Այ սենց որ մեկումեջ թքեն-մրեն կհասկանա՝ ինչ արժե Ազգային ժողովի իրենց քայլականների էդ ծափերը: Նրան որտեղի՞ց դուրս չեն հանել: Ամբողջ Սյունիքի մարզ չի կարողանում մտնել, գաղտագողի է գնում»,- ասաց Պետրոսյանը:
Վերլուծելով Փաշինյանի կառավարման 3 տարին՝ պատգամավորն ամփոփեց, որ Փաշինյանն այդպես էլ հասարակության համախմբման կոչով հանդես չի եկել:
«Էս մարդն ապրում է էդ կարգախոսով՝ «բաժանիր, որ տիրես»: Անգամ պատերազմը նրան չստիպեց համախմբելու կոչ անել: Մի երկու օր առնետի նման պատերի տակից դուրս չէր գալիս, հիմա էդ ծափահարություններից հետո սկսել ա ակտիվանալ: Այ տղա, էդ ծափահարությունները ձեռառնոցի են եղել քեզ: Դրանք իրականում չեն արտացոլում իրական վերաբերմունքը: Բայց քանի որ դու հաթաթա տվեցիր քո թիմի անդամներին, թե՝ որ մեկդ հելնի իմ դեմ, իրան էդ հարցը տալու եմ՝ դու ո՞վ էիր, հիշիր՝ որտեղի՞ց ես գալիս, էն մարդիկ էլ վախեցան, իրար երես նայեցին, ծափ տվեցին: Չէին էլ հասկանում՝ ինչի են ծափ տալիս»:
Անկախ պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտին՝ շեշտելով, որ այնտեղ համերաշխություն է տիրում:
«Հիմա էլ նոր բան են շրջանառության մեջ դրել, որ սրա ставка-ն, սա իրեն ապահովագրում է նրանով, որ իբր ընդդիմադիր դաշտում հիմնական խաղացողների մեջ հակասություն կա: Սրանով նա ուզում է փլուզել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը: Չկա տենց բան, դու ծոծրակդ ես տեսնելու, ընդդիմության մեջ լավ էլ համերշխություն կա, դու գնա մտածի, որ շատերը համերաշխության մասին չեն արտահայտվում»,- ասաց բանախոսը:
Պետրոսյանն ասաց նաև, որ ինքը ԱԺ նիստերի դաճլիճից դուրս է գալիս, երբ Փաշինյանը մտնում է այնտեղ, քանի որ, պարզ է, «արա»-ով չի կարող դիմել, բայց նաև «հարգելի պարոն վարչապետ» ասել չի պատրաստվում: