Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները. Արամ Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով: Բայց երբ ամբողջ պետության (մանավանդ մեր նման փոքր, փխրուն, դեռեւս չկայացած պետության) ճակատագիրը քո ձեռքում է, այդ գիտելիքները խիստ անբավարար են, եւ սեփական ամբիցիաներով ու պատկերացումներով առաջնորդվելը, ինչպես տեսնում եք, կործանարար է: Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։
«Ողբերգությունն այն է, որ անգամ կործանումից հետո Փաշինյանն այնքան է տարված իր անձով եւ իր աթոռով, որ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, եւ «թավիշին վերջ տալու» մասին է խոսում: Իբր ծեծուջարդով կամ բռնաճնշումներով հնարավոր է այս ճգնաժամը հանգուցալուծել:
Պատահական չէ, որ մարտնչող տգիտության եւ դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաեւ զինվորականները:
Նախ՝ այս իշխանության բոլոր ձախողումներից ամենաշոշափելին ռազմական պարտությունն է, որի գլխավոր պատճառներից կարեւորը վարչապետի «նապոլեոնական» հակումներն են. նա իրեն խոշոր զորավարի տեղ էր դրել եւ պատերազմի ժամանակ, ի հեճուկս ռազմական մասնագետների զգուշացումների, մեկը մեկից «փայլուն» որոշումներ է ընդունել՝ որոշումներ, որոնք շատ դեպքերում հանգեցրել են քաոսի»,-գրել է Աբրահամյանը: