Աբովյանի N1 դպրոցի նորանշանակ տնօրեն դիմել է ծնողներին ու աշակերտներին՝ կամ «լեզու գտնել» կամ դիմում գրել եւ երեխաներին հանել դպրոցից. VIDEO
Նորանշանակ տնօրենն այսօր հանդիպեց ծնողների հետ եւ նշեց, թե հաշվեհարդար տեսնելու նպատակ չունի, իր համար գերական աշակերտների կրթություն ստանալու իրավունքն իրացնելն է։
«Կոլեկտիվի գործադուլը իրավական հիմք չունի, իհարկե, դատարանը կվճռի սրա անօրինական լինել-չլինելը, բայց մի բան հստակ իմացեք, որ այն ուսուցիչը, որն իսկապես մտահոգ է երեխայի կրթությամբ, այսօր իրավունք չունի երեխայի բախտը քմահաճույքին թողնելու։ Ես հասկանում եմ բոլորիդ մտահոգությունները, սերն ու հարգանքը նախկին տնօրենի նկատմամբ, բայց դուք չեք փորձել ինձ ճանաչել եւ ինձ հետ աշխատել։
Վստահեցնում եմ, որ մենք աշխատելու ենք սիրո, վստահության եւ հարգանքի մթնոլորտում։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու․․․․ Ես արժանապատվորեն եմ ապրել իմ կյանքը եւ զերծ եմ եղել տարբեր քաղաքական նկրտումներից ու ձգտումներից եւ զզվել եմ քաղաքականության մեջ մխրճվելուց։ Եվ այսօր փորձել իմ նշանակումը քաղաքականացնել՝ թույլ չեմ տալու։
Դպրոցը ապաքաղաքական կառույց է, որի միակ գործառույթը պետք է լինի աշակերտին կրթություն տալը եւ ոչ թե նրանց այս կամ այն կողմ ուղղորդելը»,- ասաց նորանշանակ տնօրենը։
Նա դիմելով ծնողներին ու աշակերտներին՝ հորդորեց իրավիճակը հանդարտեցնել եւ հաճախել դասերի։ Ապա ծնողները հարցեր ուղղեցին տնօրենին, պահանջեցին, որպեսզի նա «լեզու գտնի» կոլեկտիվի հետ եւ վերականգնի դասապրոցեսը, հակառակ դեպքում իրենք դիմումներ կգրեն եւ երեխաներին կհանեն դպրոցից։
«Իրենց հետ կոնտակտի մեջ մտեք, մեր երեխեքն ի՞նչ մեղավոր են»,- ասաց ծնողներից մեկը։
Ի պատասխան, Քարմիլե Առաքելյանն ասաց, որ դասապրոցեսը խաթարվել է ուսուցիչների գործադուլի պատճառով եւ ինքն այդտեղ պատասխանատվություն չի կրում։
Դպրոցի տնօրենն ու ծնողներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, Քարմիլե Առաքելյանը հեռացավ։
Քիչ անց ծնողներն իրենց դիմումները ներկայացրեցին տնօրենի աշխատասենյակ։