Արման Թաթոյան․ «Միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չկա՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր, ոչ ոք չի գալիս»
«Freedom House» ամերիկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այս մասին գրում է Aravot.am-ը:
Նա ասաց, որ այս պահին վտանգը մեծ է ավտորիտար ռեժիմների հեղինակության բարձրացման․ «Մարդիկ տեսնում են, որ միջազգային կառույցները իրենց հետ չեն։ Հարցերը լուծվում են ոչ թե միջազգային կառույցների միջամտությամբ՝ մարդու իրավունքների ոլորտի, այլ՝ քաղաքական։ Ինչ-որ մի X պետություն հարց է լուծում։ Բա ո՞ւր են միջազգային կառույցները։ Ես գիտե՞ք ինչքան նամակներ եմ գրել, տեսա՝ միջազգային կառույցները չեն արձագանքում, ստիպված դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Երբևէ առաջին անգամ օմբուդսմանը դիմել է քաղաքական մարմնի, բայց ինչո՞ւ եմ դիմել, որովհետև միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չկա՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր, ոչ ոք չի գալիս։ Օրինակ՝ ինչո՞ւ մի հատ չեն գալիս Հայաստան, գան իրենց առաքելությամբ, գնան մեր սահմանային գյուղերում տեսնեն մարդիկ ո՞նց են բնակվում, մեն մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։ Իրավական հիմնավորումներով բարձրացնում եմ այդ բոլոր հարցերը»։