Կարևոր չէ, թե որքան կլինի պետական պարտքի շեմը 2021-ին, կարևոր է` ինչի համար են ծախսվել գումարները. փոխվարչապետ
Պատերազմական վիճակ բյուջեի մուտքերի վրա ազդեցություն ունեցավ եւ կունենա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Պետք է մտածենք պարտքի շեմի մասին, բայց ես կարծում եմ՝ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել եւ ունենալ կայուն սոցիալ-տնտեսական վիճակ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Նրա դիտարկմամբ կարևոր չէ, թե որքան կլինի պետական պարտքի շեմը 2021 թվականին, կարևոր է, թե ինչի համար են ծախսել գումարները։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդքան կարեւոր չի պարտքի շեմը, որքան կարեւոր է այդ պարտքով ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ու նպատակ ունեն: Այո, իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չի: Որեւէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որ իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով: Այո, հնարավոր չի, որ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա: Բայց ես վստահ եմ, որ այդ շեմի փոփոխության արդյունքում մենք կդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնք այդ ծախսերը կնպաստեն արդյունքների գեներացմանը»,-ասաց փոխվարչապետը: