Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. hայտարարություն
Այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ամուլսարի պահապան Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։
Մեր կարծիքով խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ:
Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։
Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։
Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին։
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած»: