Ադրբեջանի ժողովրդի հետ անմիջական խոսելու տարբերակը Փաշինյանի օրակարգում է
Ռազմաշունչ հայտարարությունների նպատակն այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին հարցին:
«Քանի որ հայ ժովովուրդը վախերի պրիզմայով՝ առավել ևս Արցախի հարցի ընկալման սովորություն, մշակույթ չունի և ընդհանրապես նման բանը բացառվում է և մենք ասել ենք, որ բացառվում է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա, ոչ արդյունավետ ռազմաշունչ հայտարարությունները հայտնվում են տեղապտույտի մեջ և Ադրբեջանի իշխանությունն իր ժողովրդին խնդիր ունի բացատրելու, որ այս 15 տարիների ընթացքում այդ հայեցակարգով առաջ են գնում, ինչո՞ւ արդյունքի չեն հասնում:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման տեղապտույտի դեպքում չի բացառում, որ եթե երկխոսությունը Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է անմիջապես խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ և այդ հնարավորությունը կառավարության օրակարգում միշտ կա: