Սասուն Միքայելյանը, տեսնելով այդ ամենը, չմոտեցավ. հոսանքազրկվելու համար բողոքող քաղաքացու հետ ձեռնաշղթաներով բերման են ենթարկել նաև նրա տղաներին (վիդեո)
Այսօր՝ ապրիլի 28֊ին կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում երգահան Միքայել Մարգարյանը: Հիշեցնենք, որ նրան երեկ կառավարության մոտից շղթայակապ բերման էին ենթարկել այն բանի համար, որ նա եկել էր կառավարությանը տեղեկացնելու հոսանքազրկվելու մասին։
Այսօր Միքայել Մարգարյանը կրկին նույն խնդրով կառավարության դիմաց էր։ Նա լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկվա միջադեպի մանրամասները։
Պարզվում է՝ այն պահին, երբ Մարգարյանին ձեռնաշղթաներ են հագցրել՝ բերման ենթարկելու համար, պատահականության սկզբունքով տարածքով անցնելիս է եղել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ումից էլ քաղաքացին օգնություն է խնդրել, սակայն վերջինս չի արձագանքել։
Միքայել Մարգարյանը նաև նկատեց, որ կարանտինի պատճառով հարկադիր պարապուրդի է մատնվել, իսկ աջակցության ծրագրով էլ ընդամենը 10000 դրամ փոխհատուցում է ստացել, որը բավարար չէ իր կոմունալ վճարումների համար, քանի որ ընտանիքը մեծ է և վճարումները շատ են։ Կրկին անդրադառնալով իրեն բերման ենթարկելու հետ կապված միջադեպին՝ Մարգարյանը նկատեց, որ իր հետ, ձեռնաշղթաներով բերման են ենթարկել նաև իր 17 և 18 տարեկան տղաներին, ովքեր փորձում էին իրեն ազատել ոստիկաններից։
«Երևի ոստիկանները մտածում էին մահափորձ էի անում. տապալեցին գետնին՝ Սասուն Միքայելյանին դիմելու հանար։ Իսկ Սասուն Միքայելյանը, տեսնելով այդ ամենը, չանդրադարձավ, չմոտեցավ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր և տղաների ձեռքերին դեռ մնում են ձեռնաշղթաների հետքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։