ԱԻՆ-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ևս 11-ը մեկուսացվել է
ԱԻՆ-ն այս ընթացքում 500 ահազանգ է ստացել և բոլորին ընթացք է տրվել. աշխատում են 24 ժամյա ռեժիմով: Այդ մասին ասաց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը` ասուլիսի ժամանակ։
«ԱԻՆ ավտոբուսներով և ԱԻՆ-ի բուժվարչությանը պատկանող շտապօգնության մեքենաներով մեկուսացվել է ընդհանուր առմամբ 400 կոնտակտավոր: Ընտանիքներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: Իրականացվել են համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում ախտահանման գործողություններ»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ վաղվանից արդեն օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ:
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն էլ նշեց, որ ԱԻՆ աշխատակցի վարակման դեպք ունեն։
«ԱԻՆ-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. վարակվել է մի կնոջից, ևս 11-ը մեկուսացվել են. օրը երկու անգամ աշխատակիցները ջերմաչափվում են: Հերթափոխությունների ընթացքում վարակազերծում է իրականացվում: Այսինքն՝ ամեն ինչ անում ենք մարտունակ կազմ ունենալու համար: Ունենք նաև պահուստային աշխատակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կփոխարինեն գործընկերներին»,-ասաց նա։