Ինձ դուր է գալիս Ֆոնսեկայի ֆուտբոլը․ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Times-ին
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իր համար հաճելի է խաղալ իտալական ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք The Times պարբերականին տված նրա հարցազրույցից։ Նա մասնավորապես նշել է․
«Երբ ես հանդես էի գալիս «Արսենալում», մարզիչները նշում էին, որ ես խաղամ այլ ֆուտբոլ։ Նրանք ինձնից ուրիշ ֆուտբոլ էին ակնկալում։ Էմերիի և Ֆոնսեկայի փիլիսոփայությունները տարբեր են։ Այստեղ ես ինձ զգում եմ ավելի լավ, քանի որ մենք խաղում ենք լավ ֆուտբոլ, որն ինձ դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք հարձակվողական ֆուտբոլ, ձգտում ենք ամբողջ ընթացքում տիրապետել գնդակին։ Իհարկե, ինձ դուր է գալիս նմանատիպ խաղը»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը հռոմեական թիմի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։