ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում դեկտեմբերին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայում համաձայնեցվում է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո: «Այժմ ամսաթիվը համաձայնեցվում է: Այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիև պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, ըստ երևույթին՝ Մոսկվայում դեկտեմբերին»,-Զասի խոսքը մեջբերել է ԲելՏԱ-ն՝ տեղեկացնում է TASS-ը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը և Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեությունը և կազմակերպության գործընկերոջ ու նրան առընթեր դիտորդի կարգավիճակներ տրամադրելու վերաբերյալ բելառուսական կողմի նախաձեռնության իրագործումը:
Նաև նշվել է ՀԱՊԿ-ի երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Գործակալության տեղեկատվության համաձայն, այդ թեման պլանավորվում է հանգամանորեն քննարկել մարտին Երևանում ռազմական տեխնիկայի և զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները: «Պետք է աշխատել ՀԱՊԿ-ի պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել է Զասը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: