«Այսօրվանից պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»․ Կոնստանտին Օրբելյան
«Այժմ ուժերս կենտրոնացնում եմ՝ կյանքի կոչելու հետագա նախագծերս: Ժամանակը սուղ է, և պետք է հասցնենք բեմադրել մի շարք օպերաներ և մի շարք այլ ծրագրեր»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
Նա տեղեկացրեց, որ վերականգնվել է տնօրենի պաշտոնում։
«Այսօրվանից պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանն, ապա Օրբելյանի խոսքով, ի տարբերություն նախորդների, այս իշխանությունը հյուրախաղերի համար հրաժարվել էր ծախսեր տրամադրելուց։
«Պատասխանել են, որ իրենց համար միևնույն է, թե ինչպես և որտեղից միջոցներ ձեռք կբերեք»,- ասաց Օրբելյանը՝ վստահեցնելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետագա ծրագրերի համար։
Օրբելյանը դեռ չի հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ ու չգիտի՝ ինչ կարծիք ունի իր վերադարձի մասին։ Փոխարենը թատրոնի կոլեկտիվի վերաբերմունքին արդեն ծանոթ է․ «Կոլեկտիվն արդեն տեղյակ է. ոմանք ուրախությամբ ընդունեցին, ոմանք` ոչ այդքան»,- ասաց Օրբելյանը։
Նկատենք, որ առաջին ատյանի դատարանը հօգուտ Օրբելյանի դատավճիռ է կայացրել, որի լիազոր մարմինը՝ նախարարությունը վիճարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում և մերժվել:
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 28-ի՝ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։