Արցախում միջամտություններ առհասարակ չեն կարող տեղի ունենալ, քանի որ Արցախն ինքնուրույն երկիր է. Դավիթ Բաբայան
Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախում միջամտություններ առհասարակ չեն կարող տեղի ունենալ, ավելին՝ նման բան անելը ճիշտ չէ, քանի որ Արցախն ինքնուրույն երկիր է, և ամենակարևորը՝ հայությունը, Մայր Հայաստանը միշտ պետք է պահպանեն Արցախի սուբյեկտայնությունը, առավել ևս, որ միջամտությունները չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ Արցախի համար։
Արցախը փոքր երկիր է, բոլորը միմյանց ճանաչում են, ով ում կողքին կանգնի և գովազդի՝ այդ ամենը չի կարող մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Արցախում ընտրությունները թեժ են անցնելու. Օրինակ՝ մեր կուսակցությունը չի վախենում թեժ պայքարից, միշտ ասել ենք մի բան՝ բոլորս մեկը մյուսին մրցակիցներ ենք, բայց չպետք է դառնանք թշնամի, այս նուրբ սահմանը չպետք է անցնենք, կարծում եմ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը չպետք է անցնի։ Մենք ասում ենք՝ մեր թրերը սուր են, վահանները՝ ամուր, աչքերը՝ սուր, հոգիներս՝ մաքուր, այսինքն՝ մենք որևէ մեկի նկատմամբ թշնամանք չենք ցուցաբերելու, բայց ցանկացած թշնամական արարք կասեցնելու ենք այնպես, ինչպես պետք է»։