Փաշինյանը քլուգն առած քանդում է Արցախի հասարակության միասնությունը. Դավիթ Շահնազարյան
Եթե Արցախում նախագահական ընտրությունների արդյունքում, այդ բարձր պաշտոնը զբաղեցնի այնպիսի անձնավորություն, որը հլու հնազանդ Փաշինյանի կամակատարն է լինելու, որն ուղղակիորեն պաշտպանելու է այն ճակատագրական սխալները, որ անում է Հայաստանի իշխանությունն ու կառավարության ղեկավարը, ապա վտանգները շատ են լինելու։
«Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ նման գնահատական հնչեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
Շահնազարյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների դիրքորշումները Արցախի խնդրի գործընթացի ու կարգավորման վերաբերյալ նույնական են։ Ըստ Շահնազարյանի՝ կարծիքները չեն կարող նույնական լինել, քանի որ դրանք քաղաքական տարբեր սուբյեկտներ են:
«Նույնիսկ աշխարհաքաղաքական ամենամոտ դաշնակիցների դիրքորոշումները չեն կարող լինել նույնական, նույնսիկ Հայաստանի երկու մարզերի ղեկավարների կարծիքը տնտեսական ու այլ հարցերի վերաբերյալ չի կարող լինել նույնական։ Բայց եթե նման բան է բարձրաձայնվում, ուրեմն դա հարված է Արցախի հանրապետության սուբյեկտայնությանը»,-ասաց Շահնազարյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս ենթատեքստում ասել, որ իրավիճակը լուրջ է, նշանակում է ոչինչ չասել: Քանի որ եթե Արցախի ապագա նախագահը լինի Փաշինյանի կամակատարը, ապա, ըստ Շահնազարյանի, ինքնամեկուսացնելու է Արցախը բոլոր բանակցային գործընթացներից։
«Հասկանալով, թե որ թեկնածուներին կամ թեկնածուին ի նկատի ունենք, հիմա Արցախում փորձ է արվում ստեղծել այն վիճակը, ինչ-որ Հայաստանում կար 2018-ի ապրիլին կամ դրանից հետո։ Հայաստանի իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ, սա Փաշինյանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է»,-ասաց նա։
Շահնազարյանի խոսքով՝ այն, ինչ արվում է Հայաստանում, փորձ է արվում ներմուծել նաև Արցախ: Անգամ սոցցանցերի միջոցով փորձ է արվում քաոսի վերածել իրավիճակը Արցախում։
«Արցախի հասարակությունը երբեք որևէ ընտրության ժամանակ տարանջատված չի եղել, հիմա քլունգն առած՝ Փաշինյանը քանդում է այդ միասնությունը։ Դրա հետևանքները շատ ու շատ վատ են լինելու»,-ասաց Շահնազարյանը;