Դևին սպանողը դառնում է դև․ դուք մսխում եք ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը․ Գորգիսյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
ԱԺ–ում պետք է լինեն և՛ տարակարծություններ, և՛ բանավեճեր, և դա է քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Քիչ առաջ բուռն քննարկումներ ունեցանք Ազգային ժողովի դահլիճում և ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է, որ ԱԺ–ում ներկայացված են երեք քաղաքական ուժեր և երեքն էլ այստեղ են եկել ժողովրդի տված քվեով և արդար ընտրությունների միջոցով»,-ասաց Գորգիսյանը։
Նա նկատեց, որ քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդիմադիր խոսքը լսել կարողանալն է և կոռեկտեւթյան սահմաններից դուրս չգալը՝ այդ խոսքը լսելիս։
«Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը, բայց, ցավոք սրտի, դուք մսխում եք ձեր այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը և ցավոք չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ։ Դուք մեզ թույլ չեք տալիս կարոտել նախկիններին։ Ամեն անգամ՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, հարգելիներս հնի վերադարձ չի նշանակում, որ հները գան այստեղ, նստեն ձեր տեղը, հնին վերադարձը լինում է նաև, երբ դուք ձեզ սկսում եք պահել ճիշտ այնպես, ինչպես նախկինները։ Դա նույնպես հնին վերադարձ է, և դևին սպանողը դառնում է դև։ Մեզ ՀՀ քաղաքացիները քվե են տվել, որ մենք դա թույլ չտանք և հենց դրանով ենք մենք այստեղ զբաղված»,– ասաց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում