ԲՀԿ-ն դեմ է 1991-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը ստուգող քննիչ հանձնաժողովին
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ԲՀԿ-ն դեմ է 1991-ից ի վեր սեփայանաշնորհման գործընթացի օրինականությունը ստուգող քննիչ հանձնաժողովին
Դեկտեմբերի 19-ին հանդես էի եկել նախաձեռնությամբ՝ Ազգային Ժողովում ստեղծել 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման օրինականությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով պաշտոնապես դիմել էի ԱԺ երեք՝ Իմ քայլը, Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություններին:
Ազգային Ժողովի Իմ քայլը խմբակցությունը՝ ողջունելով քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ինքին, ներկայացրել էր դրա ստեղծման նպատակահարմարության հետ կապված մի քանի վերապահումներ և դրան հղում անելով՝ տեղեկացրել, որ դեմ է հանդես գալիս իմ նախաձեռնությանը:
Այսօր ստացել եմ նաև ԱԺ Բարագավաճ Հայաստան խմբակցության պաշտոնական պատասխանը: Դրանում ասվում է, որ չնայած սեփականաշնորհման գործընթացում եղել են խնդիրներ, այդուհանդերձ քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի լուծելու այդ խնդիրները՝ հաշվի առնելով 1991 թվականին հաջորդած սեփականաշնորհման գործընթացի հսկայական ծավալը:
Բարգավաճ Հայաստան խմբակցությունը գտնում է նաև, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսավորղների և պոտենցիալ ներդրողների համար: Այս հանգամանքներից ելնելով՝ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ևս նպատակահարմար չի համարում այս պահին քաղաքական աջակցություն ցուցաբերել իմ նախաձեռնությանը:
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության դիրքորոշման մասին կտեղեկացնեմ հաջորդիվ: