Առայժմ չգիտենք, թե ինչ սակագին կլինի. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն
Քանի որ դեռևս գազի սակագինի հետ կապված հստակություն չկա, ուստի ցանցում 2020թ–ի ներդրումների ծավալը քիչ է նախատեսված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Նրա խոսքով` կողմերը վերջնականապես չեն պայմանավորվել, թե որքան գազ է պատրաստ սպառել Հայաստանը, և ինչպիսի աշխատանքներ պետք է կատարել գազային ցանցում։
«Մենք առայժմ չգիտենք, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն»,- ասաց Թադևոսյանը։
Նա նշեց, որ առայժմ բանակցային փուլը չի ավարտվել, և ինչպես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնպես էլ Թադևոսյանը նկատեց, որ մինչև ապրիլի 1-ը սակագինը շարքային սպառողի համար կմնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի սակագինը Հայաստանի համար 1000 խմ–ի դիմաց 150–ից հասավ 165 դոլարի։ Սակայն վերջնական սակագինը սպառողների համար դեռ նույնն է, քանի որ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորում է ավելացված արժեքը։