Յուրաքանչյուր լումայի համար հաշվետու եմ․ Կարեն Քոչարյան
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուտախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը, որը հայտնել էր «Համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի» նախաձեռնության մասին, ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, բարեկամներ, ֆեյսբուքահայություն և իմ սիրելի հեռուստադիտողներ:
Քանի որ իմ տեսաուղերձից ընդամենը 2 ժամ հետո սկսվեց և գումարների հոսք և հարցերի տարափ, շահարկումներից խուսափելու և ֆեյքերի հացը կտրելու նպատակով միանգամից ասեմ. արտոնագրի գումարը կազմում է 17մլն ՀՀ դրամ գումարած 3.4 մլն ԱԱՀ: Որ պահին այդ գումարը հավաքվի մենք դրամահավաքը կկանգնեցնենք: Ամեն ինչ թափանցիկ է լինելու: Յուրաքանչյուր լումայի համար հաշվետու եմ այնպես, ինչպես մինչ օրս հաշվետու եմ եղել կառավարությանը:
Շաբաթը մեկ ձեր ուշադրությանը կներկայացնեմ այդ պահի դրությամբ հավաքված գումարի մասին տեղեկությունը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր այս պահի դրությամբ արդեն փոխանցել են գումար հանուն ժողովրդական հաղորդման և հանուն ինտելեկտի»։