Տնտեսական հեղափոխություն արդեն եղել է․ Էկոնոմիկայի նախարարը հավատում է վիճակագրական ծառայության թվերին
«Արհեստական մենաշնորհներ չկան, և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա այն հեղափոխական փոփոխությունն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է»։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա դիտարկմամբ՝ տնտեսական հեղափոխություն արդեն իսկ եղել է, իսկ նրանք, ովքեր հեղափոխական փոփոխություններ չեն տեսնում, ըստ նախարարի, պարզապես չեն ընկալում, որ այդ փոփոխություններն այսքան արագ կարող էին լինել։
Անդրադառնալով որպես տնտեսական աճ գրանցված 7,1 %-ին ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը «փչած» են, Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ Բագրատյանը ենթադրություններ է արել։
«Պարոն Բագրատյանն ինչ ուզի՝ կհայտարարի»,- ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ԱՎԿ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր վստահություն չի ներշնչում, քանի որ դա նույն կառույցն է և չի փոխվել։
«Ձեզ թվում է, որ եթե հարցն այդպես ձևակերպեք, կնշանակի ԱՎԿ-ն վստահություն չի՞ վայելում։ Իհարկե, վայելում է, ԱՎԿ-ն այսօր և անցյալում աշխատում էր միջազգային կանոններին համապատասխան»։