Մարությանը հետ է կանգնել իր նախընտրական խոստումներից․ Խաժակյան
«2018 թվականին, երբ նոր իշխանությունը ձևավորվեց, Երևանի քաղաքապետարանն առաջնորդվեց «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 82-րդ հոդվածով և ընդունեց հնգամյա զարգացման ծրագիր: Մեկ տարի անց մենք տեսնում ենք այդ ծրագրում անհասկանալի փոփոխություններ, որով խախտվում է օրենքը»։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքով՝ Մարությանի խոստումները չկան անգամ Երևանի քաղաքապետարանի հնգամյա ծրագրերի մեջ։
Խաժակյանը մատնանշեց ծրագրերից մի քանիսը, որոնք, նրա խոսքով, Մարությանը խախտել է։
«Զարգացման ծրագրով նախատեսված էր անմխիթար վերելակների հիմնովին փոխարինում, այլ ոչ թե նորոգում: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները պետք է վերաբնակեցվեին, ոչ թե այդ շենքերը վերանորոգվեին, պետք է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցվեին, որովհետև ավտոմեքենաները շատացել են, և դա կրիտիկական խնդիր է»,- ասաց նա:
Խաժակյանը վստահեցնում է, որ 2018 թվականին Երևանի ավագանուն ներկայացված ծրագրի մեջ կան լուրջ փոփոխություններ և այն դրվել է հանրային քննարկման:
«Լույս» խմբակցության անդամը պնդում է, որ հնգամյա ծրագրում կատարված փոփոխությունները պետք է հիմնավոր լինեն։ Նա բերում է օրինակներ։
«Եթե նա կարողանա հիմնավորել, որ, օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, և հնարավոր չէ այն իրականացնել, միայն այդ դեպքում հնարավոր լինի այդ փոփոխությունները նախագծում իրականացնել»,- ասաց նա: