«Մանվել Գրիգորյանը նարկոզի տակ է»․ փաստաբան
Գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Գրիգորյանի ձեռքերի ու ոտքերի անզգայացումը գրեթե հասնում է 100 տոկոսի: Ըստ փաստաբանի՝ նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, առանց արհեստական ապարատի շնչահեղձ է լինում, մարսողական համակարգը խաթարված է:
«Դուք տեղյա՞կ եք, որ հենց այս պահին նա գտնվում է նարկոզի տակ և վիճակը ծայրահեղ ծանր է»,- դատավորին հարցրեց փաստաբանը՝ հավելելով, որ բժշկական միջամտություն կատարելու համար նրան անզգայացրել են։ Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանն ամբողջովին այտուցվել է և, որ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառն այս պահին դատարանն է։
Այսպիսով պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։