«Կարկառուն» մի քպական առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ՝ դիրքերում ինժեներական աշխատանքների համար․ ԿԳՄՍ-ն հավանության է արժանացրել սույն «դարակազմիկ» առաջարկությունըՈւմ տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանըՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետևում է բոլորինՄերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցելԻրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ ՊեզեշկիանըԱյս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» էԱյս պահին նման որոշում չկա, բայց բացառված չէ․ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասին Մի ապահարզանի պատմություն․ «Հրապարակ»Ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էր․ «Փաստ»ՔՊ նոր գրասենյակը դեռևս վերանորոգվում է, սակայն, շուրջ 2 տարի, ամիսը մոտ 4 մլն վարձավճար են տալիս. «Ժողովուրդ»Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ յմանրամասներ․ «Հրապարակ»Կոստանյանն արտոնյալ է․ օգտվելով իր պաշտոնական կապերից՝ սովորական դասալքություն դրսևորեցՊուտինը որոշել է մեծացնել համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի հայաստանյան կազմակերպության ղեկավարըԵրևանում հեռացրել են բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի գովազդային վահանակը (տեսանյութ)Իշխանությունը պատրաստվում է 2026 թ․-ի ընտրություններին. ամառը կօգտագործեն քարոզչամեքենան․ «Ժողովուրդ»Բարձրանում ենք Խուստուփ լեռ՝ զորավար Նժդեհին այցելելու․ Սրբազանը տեսանյութ և լուսանկար է հրապարակելԵղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով. «Փաստ»Մեկնարկել են Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները Բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան, մեր երկիրը պետք է ազատագրվի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մաստարա գյուղում հրդեհ է բռնկվել Փյունիկը Մինսկի Դինամոյին կընդունի Հանրապետական մարզադաշտում Ջրային պարեկները անցան գործի․ ինչ տուգանքներ կսպասվեն հասարակական կարգը խախտողներին Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki»-ն․ մոտոցիկլավարը հիվանդանոցում է Ճնշումներ են գործադրել, որ մարդիկ չգային հանրահավաքին, բայց եկան. Սրբազան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Դատապարտյալի հեռուստացույցի միջից հեռախոս են հայտնաբերել Տավուշում զինծառայողներ են դանակահարվել․ ավտոմեքենան արագ վարելու համար վիճաբանել էին Արտոնյալներ չե՛ն լինելու․ քաղաքապետարանը ապամոնտաժում է չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (տեսանյութ) Տիգրան Բարսեղյանը հեռանում է Սլովանից Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել Հայկական կողմը կարևորում է Չինաստանի փորձը ՀՀ բուհերում․ խոսել են նոր համագործակցություններից 18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել ԵՄ-ն աջակցում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․Azatutyun
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը
Դժվարին վիճակը պետք է ընկալել որպես նոր հնարավորություն․ ՆԳ փոխնախարարը գնահատել է աղետի հետևանքները Կարևոր հարց է աշխատավայրում ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունը Սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունենալու․ հեռու չէ, երբ գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել «Սրբազա'ն, հետ քայլ չանեք», «Երբե'ք». Սրբազանի խոստումը` Մեղրիում (տեսանյութ) Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունը անգնահատելի է Փաշինյանը խաբում է, գիտենք` ինչ է եղել պատերազմին, մեղքն իրենցն է, միայն «զոմբիներն» են հավատում (տեսանյութ) Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին Սրբազանին հավատում ենք, կկարողանանք փոխել, պատերազմից հետո Մեղրիում կյանքը շատ տխուր է (տեսանյութ) Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը կազատվի պաշտոնից. Փաշինյանը որոշում է ստորագրել Մեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ) «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ«Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ Այս իշխանության օրոք պետական պարտքն աճել է 5,5 միլիարդ դոլարով․ բեռը թողնում են սերունդների ուսերին 3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղել
Քաղաքականություն

ԱՐՑԱԽ. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն

Գիտական հանդեսների հեղինակավոր   Scopus  միջազգային շտեմարանում ընդգրկված DYNAMICS OF ASYMMETRIC CONFLICT բրիտանական հանդեսում հրապարակվել է քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի և Արաքս Վարդանյանի «Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն» հոդվածը  (հղումը՝ Tigran Torosyan & Arax Vardanyan (2024). The impact of geopolitical transformations on the settlement of the Nagorno-Karabakh conflict: self-determination or genocide?, Dynamics of Asymmetric Conflict, 2024, pp. 1-18. DOI: 10.1080/17467586.2024.2370245), որը թարգմանաբար ներկայացվում է ստորև։

 Նախաբան.

Նոր աշխարհակարգի հաստատման համար Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև սրվող պայքարը, որն ուղեկցվում է տարածաշրջանային աննախադեպ զարգացումներով, ձևավորել է բոլորովին նոր իրավիճակներ և մարտահրավերներ, որոնք պահանջում են հին խնդիրների նոր լուծումներ: Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ էսկալացիան այդ պնդման ամենավառ դրսևորումներից մեկն է: Այդ համատեքստում իրականացված 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան (EP, 2020; Sénat, 2020; US Senate, 2022) հանգեցրել է աղետալի հետևանքների, արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը։  Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության կարգավորման իրական հնարավորությունները։  Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) շուրջ երեք տասնամյակ ՝ մինչև 2021 թվականի ապրիլը, ձգտում էր լուծել այդ խնդիրը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այսօր չի գործում։  ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական կոշտ դիմակայությունը, որը 2022 թվականի փետրվարին վերաճեց Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի, խարխլեց համանախագահների միասնությունը և, ավելին, հանգեցրեց միմյանց հակասող դիրքորոշումների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։  Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջ մղել կարգավորման իր տարբերակը՝ չունենալով հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված որևէ միջազգային կազմակերպության մանդատ։ Այդ տարբերակներից ոչ մեկը ոչ մի ընդհանուր եզր չունի ոչ 2019թ. բանակցային սեղանին դրված կարգավորման պլանի, ոչ էլ 2007–2019թթ. բանակցային գործընթացի հիմնական փաստաթղթի՝ Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած միջազգային իրավունքի նորմերի հետ: Մադրիդյան սկզբունքների շնորհիվ անթերի իրավական հիմք ունեցող կարգավորման գործընթացի խափանումը 2020 թվականին պատրվակ դարձավ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանա-թուրքական հարձակման համար։  Ագրեսիայի աղետալի հետևանքները արմատապես փոխել են հակամարտության կարգավորման ռազմական և քաղաքական բաղադրիչների ազդեցությունը իրադարձությունների զարգացման վրա (Torosyan, 2021)։ 

2007-2019 թվականներին բանակցությունների սեղանին դրված էր համանախագահների մշակած կարգավորման պլանը, որը հիմնված էր միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա (ժողովուրդների ինքնորոշման իրավունք՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, տարածքային ամբողջականության սկզբունք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք՝ հիմնական խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու նպատակով)։ 

2020 թվականի պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը, և կարգավորման առանցքային՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը հանվեց օրակարգից։ Ռուսական կողմը պնդում էր, և Հայաստանի իշխանությունները համաձայն էին, որ կարգավիճակի հարցը «պետք է թողնվի հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն այս հարցի արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի լուծման համար» (News, 2022a): Սակայն այդ առաջարկի երկու որոշիչ գործոնները՝ «բոլորի համար ընդունելի» և «արդար», համադրելի չեն: Ինքնորոշման հետ կապված հակամարտությունների որևէ լուծում երբեք «բոլորի համար ընդունելի» չի եղել, քանի որ «արդար» լուծումը իրավական է և չափելի, այսինքն՝ դա օրինական լուծումն է: Սակայն, հազարավոր կյանքեր խլած երկու պատերազմներից հետո կարգավիճակի հարցի հետաձգումը հանուն անհասանելի «բոլորի համար ընդունելի» լուծման, կհանգեցնի աղետալի հետևանքների: Դա կանխելու համար միջազգային հանրությունը հակամարտության կողմերին սովորաբար պարտադրում է միջազգային իրավունքի վրա հիմնված լուծում, ինչպես դա եղել է ինքնորոշման հետ կապված մի շարք այլ հակամարտություններում (Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան, Կոսովո և այլն): 2020 թվականի պատերազմից հետո արձանագրված բազմաթիվ փաստեր  մատնանշում են, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում էլ դա պետք է արվի։ 

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի ու քաղաքների օկուպացիան շարունակություն ունեցավ։  Այնտեղ ապրող հայ բնակիչները պատերազմական հանցագործությունների հետևանքով վտարվեցին իրենց տներից և հայտնվեցին ցեղասպանության իրական սպառնալիքի տակ (LIS, 2022; Sénat, 2020; US Senate, 2022): 2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերը վերսկսեցին հարձակումները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա և ոչնչացման սպառնալիքով էթնիկ զտման ենթարկեցին ողջ բնակչությանը՝ 120 000 հայերի ստիպելով լքել Լեռնային Ղարաբաղը և որպես փախստական ապաստան գտրել Հայաստանում: Ավելին, անպատժելիությունն ընկալելով որպես միջազգային հանրության կողմից խրախուսում, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, օկուպացրեցին 140 քառակուսի կիլոմետր տարածք և պահանջում են նոր տարածքներ՝ սպառնալով նոր պատերազմով:

Հոդվածի նպատակն է ցույց տալ սրվող աշխարհաքաղաքական պայքարի կործանարար ազդեցությունը ժողովրդավարության հիմնարար գաղափարների, ներառյալ միջազգային իրավունքի առանցքային նորմերի և հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Այս չափազանց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիները ուրվագծելու համար հոդվածում քննարկվում են հետևյալ հարցերը՝

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանը մինչև 2020 թվականի պատերազմը,

- նոր աշխարհակարգի համար պայքարի ազդեցության ներքո հակամարտության կարգավորման սխեմայի վերաբերյալ ազդեցիկ դերակատարների դիրքորոշումների փոփոխությունը,

- աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլում հակամարտության կարգավորման հնարավորությունները. միջազգային իրավու՞նք, թե՞ ցեղասպանություն:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանը մինչև 2020 թվականի պատերազմը

Հակամարտությունների կարգավորման գործընթացն ունի իրավական և քաղաքական բաղադրիչներ (Torosyan, 2010): Երբեմն փորձեր են արվում տարածքային ամբողջականության սկզբունքը հակադրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, որն ունի միջազգային իրավունքի բարձրագույն նորմի կարգավիճակ։  Այնուամենայնիվ, ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը (ICJ, 2010), այնպես էլ այս հարցի վերաբերյալ գիտական գրականությունը (Ryngaert & Sobrie, 2011; Torosyan, 2010) անհերքելիորեն ցույց են տվել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կարգավորում է հարաբերությունները ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև, մինչդեռ ինքնորոշման իրավունքը վերաբերում է ինքնորոշման ձգտող կողմին և այն պետությանը, որի կազմում է եղել մինչև այդ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրավական բաղադրիչը հատուկ նշանակություն է ձեռք բերել 2007 թվականի նոյեմբերից, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին հանձնեցին «Մադրիդյան սկզբունքներ» անվանված փաստաթուղթը: 2009թ. կողմերն այդ փաստաթուղթն ընդունել են որպես բանակցությունների հիմք (OSCE, 2009), և այն մնացել է բանակցությունների սեղանին մինչև 2019թ.: Փաստաթուղթը ներառում էր միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՝ որպես բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման հիմք, ինչպես նաև վեց տարրեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցությունների ընթացքում (OSCE MG, 2019): Բանակցությունների ընթացքում մշակվել են նշված տարրերի (խնդիրների) լուծումներ, որոնք   համադրվել են միմյանց հետ և այդ գործընթացի տարբեր փուլերում ձևավորված տարբերակները (խմբագրումները) ներկայացվել են հակամարտության կողմերին։ Դրանցից վերջինը համանախագահները հակամարտության կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին։ Ռուս համանախագահ Ի. Պոպովը 2021 թվականի հունվարին գաղտնազերծել է կարգավորման այդ տարբերակի պլանը. «Այս ծրագիրը, որը շատ առումներով համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, հիմնված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա: Առաջին փուլում հինգ շրջանների վերադարձն է Ադրբեջանին, իսկ երկրորդ փուլում՝ երկուսի, ընդ որում,  հատուկ ընդգծում եմ, դա կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։  Առաջին փուլի մյուս տարրերը, որոնք արտացոլում են Երեւանի շահերը, ներառում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը՝ ապահովելու համար իր բնակչության լիարժեք կյանքի կազմակերպումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, կողմերի կողմից չհարձակման պարտավորությունների ստանձնումը՝ ուժի չկիրառում և այլն: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծմանը, ապա առաջարկները, որոնք վերջին տարիներին եղել են բանակցությունների սեղանին, որպես վերջնական նպատակ են նախատեսել, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ կողմերի համաձայնեցրած ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացումը, կիրականացվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ և կունենա իրավականորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն: Ընդ որում, քվեարկության դրվող հարցը կամ հարցերը որևէ ձևով չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը կհարգեն» (MFA, 2021):

2007-2019 թվականներին Մինսկի խմբի համանախագահներն ու հակամարտության կողմերի ներկայացուցիչներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի վերը նշված երեք սկզբունքների հիման վրա, ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ ընդհուպ մինչև 2021 թվականի ապրիլը, մի շարք հայտարարություններում համանախագահները և ղեկավարները վերահաստատել են Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը (OSCE, 2020; OSCE MG, 2020, 2021)։ Սակայն, 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո կարգավորման գործընթացն ամբողջովին զրկվեց ինստիտուցիոնալ հիմքից։ Դրա պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի միջև ինստիտուցիոնալ շփումները ընդհատվեցին, այդ թվում՝ Մինսկի խմբի հարթակում, և համանախագահները տարբեր դիրքորոշումներ որդեգրեցին հակամարտության կարգավորման հարցում՝ հետևելով տարբեր տրամաբանությունների։ 

 

Նոր աշխարհակարգի համար աճող պայքարի ազդեցության ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ ազդեցիկ խաղացողների դիրքորոշումները

Հակամարտության կարգավորման գործընթացում ազդեցիկ նշանակություն ունի քաղաքական բաղադրիչը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների շահերի բախումը, որը հատկապես սրվում է աշխարհակարգի տրանսֆորմացիաների փուլերում, ինչի ցայտուն օրինակներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:( Torosyan & Vardanyan, 2015)

ԽՍՀՄ փլուզումով դադարեց գործել երկբևեռ աշխարհակարգը և սկսեց ձևավորվել նոր աշխարհակարգ, որը, ըստ Միացյալ Նահանգների իշխող վերնախավի, պետք է լիներ միաբևեռ, ամերիկյան հեգեմոնիայով, չնայած դրա վտանգավոր հետևանքների վերաբերյալ արևմտյան ակադեմիական աշխարհի բազմաթիվ նախազգուշացումներին (Ikenbrry et al., 2009; Waltz, 2003):

Մինսկի խմբի համանախագահ պետությունները, թեև արդեն ունեին նոր աշխարհակարգի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ ու նախկին ԽՍՀՄ տարածքում շահերի կոշտ բախումներ (ռուս-վրացական պատերազմը 2008 թվականին, Ղրիմը և Դոնբասը՝ 2014 թվականին, ԵՄ Արևելյան գործընկերության երեք երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի անթաքույց ձգտումները դեպի Եվրոպական միություն ու ՆԱՏՕ, դրան Ռուսաստանի հակազդեցությանը և այլն), մինչև 2018 թվականը, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պահպանում էին միասնական, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում։  Նաև դրա շնորհիվ  հնարավոր եղավ մի քանի օրվա ընթացքում դադարեցնել 2016 թվականին Ադրբեջանի փորձը՝ ռազմական ճանապարհով լուծելու հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, 2009 թվականին բոլոր կողմերը և միջնորդներն  ընդունել էին որպես հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկը (OSCE, 2009): Ագրեսիայի ձախողումից ամիսներ անց Ադրբեջանի նախագահը բողոքել է. «Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նա համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը» (EurAsia, 2016):

Զուգահեռաբար նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացն աստիճանաբար տրանսֆորմացիայի էր ենթարկվում. ազատական աշխարհակարգը փլուզվում էր, իսկ միաբևեռ աշխարհակարգը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէր։  Ըստ Այքենբերիի (2020), դա տեղի էր ունենում այն պատճառով, որ նրա առաջատար հովանավորները, սկսած Միացյալ Նահանգներից, հրաժարվում էին դրանից. Նրանց մի մասը ակտիվորեն պայթեցնում էր ամերիկյան առաջնորդությունը, իսկ  մյուս մասը տեղափոխվել է հաջորդ գլոբալ դարաշրջան՝ մեծ տերությունների մրցակցության դարաշրջան: Եվ «մեծ տերությունների մրցակցությանը վերադառնալը կկործանի այն, ինչ մնացել է գլոբալ ինստիտուտներից, որոնց  կառավարությունները ապավինում են ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ: Լիբերալ ժողովրդավարությունները հետագայում ավելի կթաղվեն պառակտման հորձանուտում և դրանով կկորցնեն գլոբալ կանոններ և նորմեր ձևավորելու իրենց կարողությունը» (Ikenberry, 2020):

Այս տեսակետի հրապարակմանը հաջորդած իրադարձությունները, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվողները, լիովին հաստատում են Այքենբերիի գնահատականներն ու մտահոգությունները: 30 տարի շարունակ այս գործընթացն իրականացվել է հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված երկու գլոբալ ինստիտուտներից մեկի՝ ԵԱՀԿ-ի ղեկավարությամբ, որն ուներ մյուս բոլոր գլոբալ ինստիտուտների աջակցությունը։  2022 թվականից ի վեր ԵԱՀԿ-ն չունի ինստիտուցիոնալ արձագանք իրավիճակին և հակամարտության կարգավորման հետ կապված իրադարձություններին։  ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե չի լուծարվել, բայց դե ֆակտո չի գործում։  Դրա պատճառով համանախագահ երկրների դիրքորոշումները կորցրեցին 13 տարվա ընթացքում հաջողությամբ կիրառված իրավական հիմքն ու տրամաբանությունը և ստացան միանգամայն այլ բովանդակություն։

Հակամարտության կարգավորման գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը դուրս են նաև այլ գլոբալ ինստիտուտների ուշադրությունից, որոնք իրավիճակի ծայրահեղ սրման պահերին սահմանափակվում են կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։

Դադարել են աշխատել ոչ միայն գլոբալ ինստիտուտները, այլև գլոբալ կանոններն ու նորմերը։  Թեև 15 տարի շարունակ այդ գործընթացն իրականացվել է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, սակայն այսօր դրանից հրաժարվել են։  Ոգեվորված ռազմական ագրեսիայով և հետևանքների համար պատասխանատվության բացակայությամբ՝ Ադրբեջանը առաջ է գնացել և հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, հետևաբար կարգավորման խնդիր չկա (Zorlu, 2021): Գլոբալ ինստիտուտների բնականոն գործունեության խաթարումները, գլոբալ սկզբունքների ու նորմերի դուրսմղումը գործընթացներից զրկում է այդ գործընթացները տարբեր խմբերի միակողմանի շահերը հավասարակշռող մեխանիզմներից, որոնց բացակայությունը խրախուսում է խնդիրների լուծումը կոշտ, հաճախ՝ ռազմական ուժի ու պատերազմական հանցագործությունների կիրառմամբ, ինչը կարող է հագեցնել միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարումների, մարդասիրական աղետների ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունների։ Նման հետևանքներով է հղի 2022թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մի շարք միջազգային ինստիտուտների մեխանիզմների խաթարումը։ Ինչպես Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջ. Բորելն է զգուշացնում, «Սեղանին դրված են այն սկզբունքները, որոնց վրա կառուցված են միջազգային հարաբերությունները, նախ՝ ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները» (Borrell,  2022), և առաջարկում է ուժային մեխանիզմներ ստեղծել այդ սկզբունքներն ու արժեքները պաշտպանելու համար, քանի որ  «մենք ապրում ենք մի աշխարհում, որը ձևավորվել է կոպիտ ուժի քաղաքականությամբ, որտեղ ամենուրեք զինված են և որտեղ մենք բախվում ենք նարատիվների անխնա ճակատամարտերի»։

Առաջարկը չափազանց կարևոր է, քանի որ այդ ճակատամարտերը հաճախ վերածվում են իսկական պատերազմների, որոնք ուղեկցվում են ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, այլև պատերազմական հանցագործություններով ու մարդասիրական աղետներով։ Սակայն նաև պետք է հաշվի առնել այն զգուշացումները, որ ԱրևմուտքՌուսաստան կոշտ դիմակայության պայմաններում ծագած գազային ճգնաժամի ազդեցությամբ ԵՄ աշխարհաքաղաքական հավակնությունները կարող են Հարավային Կովկասում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա աչք փակելու պատճառ դառնալ (FT, 2022)։

ԽՍՀՄ փլուզումից հետո երազանքը, որ նորանկախ պետությունները կկարողանան լուծել Արևմուտքի առջև ծառացած էներգետիկ խնդիրները և նրան աշխարհաքաղաքական առավելություն տալ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նկատմամբ, գայթակղություն դարձավ ստրատեգների և նավթային ընկերությունների սեփականատերերի համար: Այնուամենայնիվ, անցյալ դարի 90-ականների վերջին պարզ դարձավ, որ էներգետիկ անվտանգության խնդիրը երկարատև ժամանակահատվածի համար լուծելու նպատսկով Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի նավթն օգտագործելու գաղափարն անիրատեսական է (Manning & Jaffe, 1998): Թեև Կասպյան գազի հետ կապված իրավիճակն ու նախադրյալները նույնն են, այս դեպքում ԵՄ պաշտոնյաների գայթակղությունն ավելի երկար է պահպանվում։  Այսպիսով, ինչպես արդարացիորեն հարցադրում է անում Financial Times-ը, դեռ պետք է պարզել, թե արդյոք ԵՄ-ն կկարողանա ազնիվ միջնորդ դառնալ Ադրբեջանի հետ իր բարդ էներգետիկ կապերի ֆոնին (FT, 2022):

 

ԵՄ դիրքորոշումը

ԵՄ-ն Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ ունեցել է անուղղակի մասնակցություն՝ ի դեմս խմբի համանախագահներից մեկի՝ ԵՄ հիմնադիր անդամ Ֆրանսիայի, և շարունակաբար իր աջակցությունն է հայտնել  համանախագահների գործունեությանն ու պնդել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի այդ ձևաչափով՝ համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա։ Այդ պատճառով ԵՄ և Ֆրանսիայի դիրքորոշումները գրեթե նույնական են և այս հոդվածում դիտարկվում են մեկ հարթությունում։ Մինչև 2020թ. պատերազմն այն չի տարբերվել Մինսկի խմբի մյուս համանախագահների ընդհանուր դիրքորոշումից։ Այդ պատերազմին և նոյեմբերի 9-ի՝ պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությանը թե՛ Ֆրանսիան և թե՛ ԵՄ-ն արագորեն արձագանքել են։

 

Պատերազմի ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև նախագահ Մակրոնը (Leroux, 2020) ուղղակիորեն հայտարարեցին Ադրբեջանի ագրեսիայի փաստի մասին, դատապարտեցին Թուրքիայի կողմից կազմակերպված Սիրիայից վարձկանների տեղափոխումն ու օգտագործումը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիայի դերակատարությունն այդ պատերազմում և հայտարարել, որ «այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը» (News, 2020): Ռազմական գործողությունների դադարեցումից հետո գնահատականներն ավելի ամբողջական էին։  Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, Ժան-Իվ Լը Դրիանը ողջունել է հրադադարը. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պարտավորությունները խստորեն կկատարվեն, իսկ նրա հարձակումներն անմիջապես կդադարեն։  Այս համատեքստում մենք կոչ ենք անում Թուրքիային չձեռնարկել որևէ բան, որը կարող է հակասել մեր գլխավոր նպատակին։  Տեղահանված բնակչության և քաղաքային բնակավայրերում մարտական գործողությունների հետ կապված իրավիճակը հանգեցրել է լուրջ հումանիտար հետևանքների: Ֆրանսիան լիարժեք դերակատարում կունենա որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն։  Նրանք պետք է թույլ տան, որ վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդիկ վերադառնան և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը» (Le Drian, 2020):

Եվրոպական միության անունից իրավիճակը գնահատեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը. «Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության դադարեցման ուղղությամբ: ԵՄ-ն համարում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը՝ բանակցությունների միջոցով հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին՝ նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ՝ այդ նպատակին հասնելու համար: ԵՄ-ն հիշեցնում է իր  անհանդուրժողականությունն ուժի կիրառման նկատմամբ, մասնավորապես՝ կասետային զինամթերքի ու հրկիզող զենքի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։  ԵՄ-ն ընդգծում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի և կոչ է անում կողմերին կատարել ռազմագերիների փոխանակման և մարդկային աճյունների հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հոկտեմբերի 30-ին Ժնևում» (EU, 2020):

Ընդհանուր Արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցում Եվրոպական խորհրդարանը հիշատակել է Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունների և դրան Թուրքիայի մասնակցության մասին, վճռականորեն դատապարտել խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական և կրոնական շենքերի ոչնչացումը, հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի կիրառումը, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում Թուրքիայի ապակայունացնող դերը, Սիրիայից և այլ երկրներից Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Դա հաստատվել է Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից, որոնք կոչ են արել պատշաճ կերպով հետաքննել ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր պնդումները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել (EP, 2020): Բանաձևում նաև հաստատվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է ղեկավարեն Մինսկի խմբի համանախագահները, և այն պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների վրա:

Համահունչ են նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի ընդունած բանաձևերը. «Հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ բնակվելու անհնարինության մասին, մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է թուրքական իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, կոչ ենք անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց կողմնակիցներին այն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով: Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ Մինսկի խմբի շրջանակներում ապահովել բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհապաղ իրականացումը՝ նրա հովանու ներքո միջազգային զսպման ուժերի տեղակայման միջոցով, պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դեմ կատարված պատերազմական հանցագործությունների և արդյունքում միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և օգտագործել այդ ճանաչումը որպես բանակցային գործիք՝ տևական խաղաղության հասնելու համար» (Sénat, 2020): Երկու տարի անց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները կրկին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ արձագանքելով շարունակվող ռազմական ագրեսիային: 2022 թվականի նոյեմբերին ընդունված բանաձևերում Սենատը, «հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005թ. սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը պաշտպանության պատասխանատվության մասին, Եվրամիության հովանու ներքո անցկացվող խաղաղ բանակցությունների վրա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետևանքների ու Եվրամիության էներգետիկ ինքնավարության հետ կապված ռազմավարական խնդիրների ազդեցությունը, խստորեն դատապարտում են 2022 թվականի օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական ագրեսիան և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին դրա կրկնվելը Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային և հարավարևելյան շրջանների նկատմամբ, կոչ են անում կառավարությանը վճռականորեն հասնել նրան, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի մասին գործը հանձնի Միջազգային քրեական դատարան, այդ թվում՝ զանգվածային և ռազմական հանցագործությունների հետաքննության նպատակով; կոչ են անում կառավարությանն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել առավել վճռական և համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքը և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոն, որպես պատիժ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի համար: Վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը բանակցային գործիքի վերածելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով» (Sénat, 2023)։ 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փորձեց նախաձեռնել մեկ այլ բանակցային գործընթաց, որին ավելի ուշ միացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նրանք ստանձնել են միջնորդի առաքելություն, և նրանց չի կաշկանդում այն փաստը, որ նրանք չունեն անհրաժեշտ փորձ և հմտություններ նման բարդ դերի համար, ինչպես նաև չեն վայելում հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված որևէ միջազգային կազմակերպության, այսինքն՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի աջակցությունը։  Թեև փորձ է արվել հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հայտարարությունը ներկայացնել որպես կարևոր ձեռքբերում (News, 2022b), այն որևէ էական արդյունք չի տվել։  Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, բայց դա պարտավորություն է, որը ստանձնել են ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները ՄԱԿ-ի կանոնադրությունը վավերացնելիս, և այն լրացուցիչ հաստատում չի պահանջում: Երկրորդ «ձեռքբերումը» համարվում է ԵՄ-ի գլխավորությամբ տարածաշրջանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին հայտարարությունը, թեև Ադրբեջանը հայտարարել է, որ դրա հետ կառնչվի այնքան, որքան անհրաժեշտ կհամարի։  Առաքելության ներկայությունը մի քանի շաբաթ շարունակ հայ-ադրբեջանական սահմանի հատվածում որևէ արդյունք չի տվել։  Պրահայի հանդիպման եւ նախորդ մի քանի հանդիպումների նախաձեռնողները փորձել են կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից առանձին: Բայց Ադրբեջանը հայտարարել է, որ դրա հետ կառնչվի այնքանով, որքանով հարկ կհամարի։ Պատահական չէ, որ առաքելության մի քանի շաբաթվա ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքում որևէ արդյունք չի տվել։ Պրահայի և դրան նախորդած մի քանի հանդիպումների նախաձեռնողները փորձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն անջատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից և լուծել առանձին։ Հավանաբար հույս են ունեցել, թե  կկարողանան թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեության փաստացի դադարեցման պայմաններում հակամարտության կարգավորման նախաձեռնությունն ամբողջությամբ անցնի Ռուսաստանին։ Սակայն, ինչպես միանգամայն արդարացիորեն նշում է Մարի Դյումուլենը, առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, ինչպես և եղել է 30 տարի (Dumoulin, 2022)։  Առանց  կարգավիճակի որոշման այլ խնդիրների լուծման փորձերը ոչ միայն անպտուղ են, այլև վտանգավոր, քանի որ ուշադրությունը շեղում են բուն հարցից ու, կամա թե ակամա, մետրոպոլիային ժամանակ են տալիս փորձելու միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ ռազմական ագրեսիայով ու պատերազմական հանցագործություններով լուծել խնդիրը՝ ինքնորոշվող ժողովրդին ոչնչացնելով կամ դուրս մղելով տարածքից։ 

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ հայտարարությունները ԵՄ ղեկավարներին հավատացրել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» իրական ուրվագծեր է ստանում, և որոշել են Ռուսաստանից խլել նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այդ հարցում իրենց կարևոր դերակատարությունը վճռորոշ նշանակություն կունենա, երբ իրական հնարավորություն առաջանա թուրքմենական գազը Հարավային Կովկասով Եվրոպա տեղափոխելու համար։ Սակայն ստորև ցույց կտրվի, որ Ռուսաստանի միջնորդությունն այնքան է հեռու խնդրի կարգավորումից, որքան «Հարավային գազային միջանցքն» է հեռու Եվրոպայի գազային կարիքները  ռուսական գազի փոխարեն բավարարելու նպատակից։

 

Ռուսաստանի դիրքորոշումը

Մոսկվան նույնպես անդրադարձել է ինչպես 2020 թվականի ագրեսիային, այնպես էլ դրանից հետո ծավալված իրադարձություններին։  Մասնավորապես, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են ուղարկվել Մերձավոր Արևելքում կռվող հազարավոր ծայրահեղականներ, մասնավորապես, «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրկաթ Ալ-Համզա», «Սուլթան Մուրադ» ահաբեկչական կազմակերպություններից (RIA, 2020)։ Նախագահ Պուտինն այս կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի նախագահին (Regnum, 2020)։  Ռուսաստանի նախագահի ակտիվ ջանքերի շնորհիվ 2020թ.նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցվեց և ստորագրվեց եռակողմ հայտարարություն (Kremlin, 2020), որն այդ պահին վճռորոշ նշանակություն ունեցավ ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացումը կանխելու համար: Այնուամենայնիվ, այս հայտարարությունը պարունակում էր մի շարք լուրջ թերություններ, որոնք ի հայտ եկան ավելի ուշ:

Գլխավոր խնդիրն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության կարգավորման գործընթացը սկսել էր խափանվել։  2020 թվականի պատերազմի մեկուկես ամսվա ընթացքում Ֆրանսիան և Միացյալ Նահանգները արդյունավետ քայլեր չձեռնարկեցին այն դադարեցնելու համար, Մինչդեռ Ռուսաստանը փորձում էր առաջատար դեր ստանձնել կարգավորման գործընթացում՝ չունենալով ոչ անհրաժեշտ լծակներ, ոչ էլ ՄԱԿ-ից կամ ԵԱՀԿ-ից ստացած լիազորություն՝ հակամարտությունը լուծելու վերաբերյալ։  Ռազմական ագրեսիայի դադարեցումից հետո թվում էր, թե համանախագահող երկրները, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, գիտակցել են իրենց երկակի պատասխանատվությունը տեղի ունեցածի լուրջ հետևանքների համար և փորձում են վերացնել աղետալի հետևանքները: Ագրեսիան դադարեցնելուց հետո համանախագահները իրենց երեք համատեղ հայտարարություններում (OSCE, 2020, OSCE MG, 2020, 2021) հետևողականորեն հայտարարել են, որ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և անհրաժեշտ է շարունակել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսման ճանապարհով՝ «Մադրիդյան սկզբունքների» հիմքում ընկած երեք սկզբունքների և վեց տարրերի հիման վրա։  Սակայն այդ հայտարարությունները ոչ մի գործողության չեն հանգեցրել։ Գործնականում իրավիճակը զարգացել է ագրեսիայի ընթացքում ստեղծված տրամաբանությանը համապատասխան։  Ռուսաստանը շարունակում էր հանդես գալ որպես միակ միջնորդ՝ չունենալով հնարավորություն կամ ցանկություն դիմակայելու Ադրբեջանի ագրեսիվ հավակնություններին՝ հույս ունենալով հասնել իր աշխարհաքաղաքական նպատակներին Հարավային Կովկասում, մինչդեռ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները սահմանափակվում էին երկու կողմերին ուղղված զսպվածության կոչերով: Արդյունքում Ադրբեջանն իր զորքերը չհեռացրեց Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ շարունակելով ռազմական վերահսկողություն իրականացնել Շուշի և Հադրութ քաղաքների, ինչպես նաև հարակից մի շարք գյուղերի նկատմամբ, որոնցից հեռացել էր քաղաքացիական բնակչությունը։ Ավելին, հրադադարի համաձայնագրի ստորագրմանը հաջորդել էր ադրբեջանական զորամիավորումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գյուղեր և Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին այդ տարածքներում ռազմական գործողությունների անցկացումը։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության լուրջ թերություններից մեկն այն էր, որ Ադրբեջանին վերաբերող դրույթներն այդ պետությունը չէր կատարում։  Մասնավորապես, 1-ին կետը սահմանում էր, որ կողմերը պետք է մնան իրենց դիրքերում, մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը հայտարարության ստորագրումից հետո ոչ միայն օկուպացրել են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղեր, այլև ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք: 8-րդ կետը սահմանում էր, որ կողմերը փոխանակում են ռազմագերիներին, պատանդներին և իրենց մոտ պահվող այլ անձանց: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պահել մի քանի տասնյակ հայ բանտարկյալների, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանձնել են բոլորին: Բացի այդ, 6-րդ կետի համաձայն Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը, մինչդեռ դեկտեմբերին մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես «բնապահպաններ», փակեցին արտաքին աշխարհ տանող այդ միակ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչների համար ստեղծելով հումանիտար աղետի իրական վտանգ: Նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս թերությունը ռուս խաղաղապահների ոչ միանշանակ կարգավիճակն էր, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործելու լիազորության բացակայությունը, ինչպես նաև գործողությունների շրջանակի սահման ված չլինելը:

Թեև այս հայտարարությունը կարևոր նշանակություն ունեցավ ռազմական գործողությունների դադարեցման համար, այն ներուժ չուներ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Մոսկվան իր բացատրությունն ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը Ռուսաստանի նախագահ Պուտինը ներկայացրել է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ (Kremlin, 2022)։  Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Հայաստանի ղեկավարությունը մերժել է մինչեւ 2018 թվականը մշակված հակամարտության կարգավորման ծրագիրը եւ նախընտրել է ամեն ինչ զրոյից սկսել, ինչը հանգեցրել է ներկա իրավիճակին: Ներկայացնելով խնդրի լուծումը որպես այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային հարցի վերջնական կարգավորում, Պուտինը նշել է, որ ի տարբերություն կարգավորման «վաշինգտոնյան տարբերակի», որը նախատեսում է «Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ողջ Ղարաբաղի նկատմամբ», Ռուսաստանի մոտեցումն այլ է. «եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն և ինչ-որ կերպ դա պետք է քննարկվի ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է: Մենք պաշտպանելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն»։  Ավելի ուշ Այդ «առանձնահատկությունը» Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման ընդունման հետաձգում (MFA, 2022b)։  Միաժամանակ, Լավրովը Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորման գործընթացի ձախողման պատասխանատվությունը դրել Է Վաշինգտոնի և Փարիզի վրա, որոնք «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո հայտարարել են, որ չեն համագործակցելու Ռուսաստանի հետ ոչ մի տեղ և ոչ մի ձևաչափով»: Ավելին, ըստ նրա, այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են Պրահայի հռչակագիրը, որում մտադրություն են հայտնել ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա «խաղաղության պայմանագիր» պատրաստել, կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ մոտեցումը: Նա կարծում է, որ այդ հռչակագրով կողմերը «հաստատում են սահմանների անխախտելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ»: Այդուհանդերձ, նա թույլ է տվել մի քանի կոպիտ սխալներ: Նախ, հռչակագրում նման արձանագրում չկա (Declaration of Alma-Ata, 1991)։ Երկրորդ՝ այն «Անկախ Պետությունների Համագործակցություն» կազմակերպության հիմնադրման մասին է և արձանագրում է, որ մասնակից պետությունները պետք է համագործակցեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։  Ընդ որում, հռչակագիրն արձանագրում է նաև այն երեք սկզբունքները (ինքնորոշման իրավունք, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք և տարածքային ամբողջականության սկզբունք), որոնք 2007 թվականին Մինսկի խմբի առաջարկությամբ ընդունվել են որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք ու այդպես եղել է այնքան ժամանակ, քանի դեռ համանախագահները չեն դադարեցրել իրենց համագործակցությունը 2022 թվականին։  Բնական հարց է առաջանում՝ եթե 1991 թվականի հռչակագիրը թույլ չէր տալիս Լեռնային Ղարաբաղին իրացնել ինքնորոշման իրավունքը, ապա ինչպես են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահներ, 2007-2021 թվականներին ստորագրել բազմաթիվ փաստաթղթեր, որոնցում նրանք հայտարարել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով: Դժվար է ենթադրել, որ Լավրովը չգիտեր միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, Ալմա-Աթայի հռչակագրի բովանդակությունը և Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված փաստերը: Ամենայն հավանականությամբ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է այն աստիճանի, որ Մոսկվան նույնիսկ դիմում է միջազգային իրավունքին և իրողություններին բացահայտորեն հակասող քայլերի:

 

Միացյալ Նահանգների դիրքորոշումը