Խայտառակ մտածողություն է. եկեք լրիվ լուծարենք, խորհրդարանն էլ ցրենք ու լինի միայն վարչապետ. Մարուքյանը հեգնեց (տեսանյութ)
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել։
Այդ մասին Աժ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք գտնվում ենք էլի հին, խայտառակ մտածողության մեջ և այս առումով ոչինչ չի փոխվել»,-ասաց Մարուքյանը և հավելեց. «Ոչ մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու ենք այս օրենքը բերում և ՄԻԵԴ ներկայացուցչին առանձնացնում։ Ասում է՝ ավելի արդյունավետ կաշխատի, ժողովուրդ ջան, չի կարելի սենց բան անել։ Երեկ դեմ քվեարկեցինք, ասացիք, որ փոխվելու է վիճակը, բայց չի փոխվել։ Ուզում եմ հասկանամ, ինչի՞ համար եք առանձնացնում»,-ասաց նա։
Պատգամավորը հեգնեց. «Առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, առաջարկում եմ ՔԿՀ-ն հանել ԱՆ-ից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ՔՀԿ պետին։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել և Գլխավոր դատախազությունը լուծարել և մտցնել պետական շահերի պաշտպանություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ լինեն վարչապետի աշխատակազմում, դատարանները, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու մենակ վարչապետ լինի»,-ասաց նա։
Նա նկատեց նաև, որ ժամանակին խոսում էին ինստիտուցիոնալ փոփոխություններից. «Էս ո՞ւր ենք գնում, բա դուք էիք ասում ինստիտուցիոնալ, բա ի՞նչ եղավ, ո՞ւր է»,-ասաց Մարուքյանն ու հորդորեց իր վերոհիշյալ առաջարկները լրջորեն քննարկել:
Մանրամասները` տեսանյութում