Փաշինյա՞նը, թե՞ «մեշոկով փողը». Ավինյանը կատարել է իր քայլը
Այսօր իշխանական խիստ քաղաքականացված էլիտան մեկ մարդու պես Սարդարապատում էր, բացի փոխվարչապետ Տիգրան Ավինյանից: Ինչո՞ւ: Որովհետև Ավինյանը ցանկացել էր լինել Ապարանում՝ պոտենցիալ «մեշոկով փող» գործարար Սամվել Ալեքսանյանի և նույն մեշոկից ունեցող նախկին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ, այն նույն պաշտոնյայի, ով իր ղեկավարման շրջանում ակտիվորեն քրեական գործեր էր հարուցում ընդդիմադիրների՝ Ավինյանի թիմակիցների վրա:
Շատ է խոսվում այն մասին, որ Տիգրան Ավինյանը խուսափում է հանրային ելույթներից, ամեն մի բզզացող ճանճի բզզոցը չի մեկնաբանում, ինչպես անում են, օրինակ, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը, բացի այդ՝ փորձում է իրեն քաղաքական պրոցեսներից հեռու պահել և այնպես անել, որ ամեն թեմայի հետ իր անունը չկապվի:
Սա բավականին հեռատես քայլ է Տիգրան Ավինյանի կողմից: Կանխազգալով Փաշինյանի ու իր թիմի նվազող վարկանիշը՝ Ավինյանը փորձում է ամեն կերպ իր անունը մաքուր պահել, որպեսզի յուրաքանչյուր ելքի ժամանակ կարողանա իր հովանին գտնել:
Ավինյանն այսօր թույլ դիրքերում չէ. նա ունի առանցքային նշանակություն գործադիր մարմնում և երեք տասնյակի հասնող պատգամավորական թիմ՝ խորհրդարանում, փորձում է անել հնարավորինը՝ կադրերին խցկելու ամեն մի թեկուզ աննշմար պետական հիմնարկ, ամուր կապեր հաստատել բիզնեսի, նախկին իշխանությունների և քրեական աշխարհի հետ:
Ավինյանին այս ամենը դեռևս հաջողվում է, և այս հաջողությունը կտևի այնքան ժամանակ, մինչև Փաշինյանի խանդը Արմեն Սարգսյանից անցում կատարի դեպի իր կողմը: Այս դեպքում, ահա, ժամանակը քիչ է, որովհետև Ավինյանը շատ արագ կարողանում է դիրքավորվել և արդյունավետ դիմակայել յուրաքանչյուր քամու:
NEWSPRESS.am