Հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան. Փաշինյան
Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում՝ իր ելույթի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես դրական փոփոխություն՝ նա նշեց, որ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Նա նկատեց նաև, որ ամենօրյա ռեժիմով կրճատվում է ստվերային տնտեսությունը:
«Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել, և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով: Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը և աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է և հաշվետվողական»,- ասաց Փաշինյանը։
Նա իր ելույթում նշեց, որ Հայաստանն այսօր լիարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Բայցև միաժամանակ նշեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի:
«Մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք: Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու, այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար»,֊ ասաց Փաշինյանը: