Ավշարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գործին խառնվել է Արարատի մարզպետի քեռին (տեսանյութ)
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում դասադուլը շարունակվում է: NEWSPRESS.am-ի տեղեկություններով, դպրոց է եկել մարպես Գարիկ Սարգսյանի քեռին՝ Գարուշ Մանուկյանը, ով դպրոց է բերել 2 երեխա՝ դաս անելու համար:
Ուսուցիչները նկատում են, որ մարզպետի քեռին ստիպել է դաս անել, սակայն իրենք հրաժարվել են, քանի որ նախ՝ մարզպետն իրենց պահանջը չի կատարել, և հետո՝ նրանք պնդում են, որ 2 աշակերտով դաս չեն անելու:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին վաղ առավոտից մանկավարժներն ու աշակերտները սկսել են դասադուլ՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Գյուղի բնակիչները նույնիսկ ճանապարհ էին փակել:
Վերջինս իր նշանակման հենց հաջորդ օրը աշխատանքից ազատել է փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին՝ պատճառաբանելով, թե ուզում է իր վստահելի մարդուն ընդունել նրա փոխարեն:
Վստահելի անձը նրա ընկերուհի Աստղիկ Հարությունյանն է, ով, ինչպես հաստատել է մարզպետը, նրա մորաքրոջ հարսն է: