Պարո՛ն Օսիպյան, այս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք գազազած բերետներին ուղարկել ժողովրդի վրա
Պարո՛ն Օսիպյան, այս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք գազազած բերետներին ուղարկել ժողովրդի վրա, սա՞ է ձեր քաղաքական հոր սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, այսպե՞ս պետք է լուծվեն հարցերը, այսպե՞ս եք ժողովրդի ձայնը լռեցնելու: Երբ ասում ենք, թե ոչնչով չեք տարբերվում նախկին ռեժիմից՝ սրա համար ենք ասում, նրանք նույնպես բողոքող քաղաքացուն ճնշում էին, հարվածում, վախեցնում, նաև սպանում: Դուք նույնպես որդեգրել եք այդ նույն ճանապարհը և ո՞ւր եք այսպես հասնելու:
Ի դեպ, այն, ինչ ես տեսա մինչ ԶԼՄ-ների գալը՝ դուրս էր իմ պատկերացումներից, ինչպիսի վայրագությամբ էին կարմիր բերետները անցնում բողոքող քաղաքացիների վրայով, հարվածում, կոպտում ու վիրավորում և ԶԼՄ-ների գալուց հետո միայն որոշակիորեն խաղաղվեցին:
Հիշո՞ւմ եք Ձեր անցյալը. Դուք էիք այն ժամանակ ժողովրդի և ոստիկանության միջև կանգնած, մի՞թե մոռացել եք, որ հենց այդ նույն բողոքող իշխանությունը Ձեզ բերեց այդ պաշտոնին, և հիմա Դուք չեք կատարում նրանց պահանջները:
Այսպես շարունակելու դեպքում Դուք նույնպես կմերժվեք և կհեռացվեք իշխանությունից, իհարկե՝ եթե նոր Մարտի 1 ու արյունահեղություն ինքներդ չկազմակերպեք:
Ինչպես երևում է՝ պաշտոնը Ձեր ու Ձեր քաղաքական թիմի համար բավականին քաղցր է, և այն պահպանելու համար չեք ափսոսա անգամ մարդկանց կյանքերը:
Հայկ Մարությա՛ն, այս մարդկանց օրվա հացը որ կտրում եք, մտածե՞լ եք՝ որտեղ են աշխատելու, բացե՞լ եք նրանց համար նոր աշխատատեղ, ինչպե՞ս կարելի է ժողովրդին այսչափ չսիրել:
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան