Ապրիլյան քառօրյայում վիրավորված զինվորը բարեհաջող վիրահատվել է
2016-ի ապրիլին Թալիշում վիրավորված զինվոր Ավետիս Զարգարյանը վիրահատվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյան:
«Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: Վիրահատությունը բարեհաջող է անցել․ Ավետիսն արդեն իրեն լավ է զգում:
Վիրահատությունից հետո, բնականաբար, Ավետիսին առաջինն այցելել է Հայկուհին:
Մեր Հերոսը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Ծանր վիրավորում ստացած Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել, միայն տխուր աչքերով նայում էր շուրջբոլորն ու սպասում հրաշքի:
Այսօր, համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է ԵՊԲՀ խոսնակը։
Հիշեցնենք, որ Զարգարյանները Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են այնտեղից և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
Աշխատելու նպատակով մի քանի տարի առաջ ընտանիքը մեկնել էր Ռուսաստան: Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են Վարդենիսի իրենց տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքն ու ընտանիքով վերադարձել Հայաստան: Այսօր նրանք բնակվում են Երևանում՝ վարձակալած բնակարանում: Զարգարյանները չեն աշխատում, նրանք չեն էլ կարող աշխատել, քանի որ որդին ամեն վայրկյան նրանց կարիքն ունի, շարժվում էր միայն ծնողների օգնությամբ: