Լենա Նազարյանը դեմ չէր լինի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում տեսնել Թանդիլյանին, բայց բոլորի հետ կքվեարկի ԲՀԿ-ի օգտին
«Իմ քայլը» խմբակցությունը փոխխոսնակի պաշտոնում ընդդիմության թեկնածուի օգտին քվեարկելիս՝ առաջնորդվելու է ընդդիմության հավաքած ձայներով։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության՝ փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը։
Դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգ օրենքով կամ Սահմանադրությամբ սահմանված չէ, որ պետք է ընտրվի ավելի շատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժի թեկնածուն, Լենա Նազարյանը պատասխանեց, որ իր կարծիքով դա նախկինում դիտավորյալ է արվել։
«Դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնարավորություն ունենա տարբեր իրավիճակներում տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ, որովհետև ընդդիմությունները կարող էին շատ ավելի շատ լինել, և դա հնարավորություն էր տալու մեծամասնությանը տարբեր կերպ օգտագործել այդ բացը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողներն իրենց քվեարկությամբ։
«Ժողովուրդը որոշել է, սահմանել է, որ այս ընդդիմությունն ունի այսքան կշիռ, մյուս ընդդիմությունն՝ այնքան և ըստ էության մեզ ոչինչ չի մնում, քան հետևել այդ որոշմանը»։
Ինչ վերաբերում նրան, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ չէին թաքցրել, որ սատարում են Մանե Թանդիլյանին, և փաստորեն նրանց հնարավորություն չտրվեց ընտրել իրենց թեկնածուին, Նազարյանը պատասխանեց։
«Գուցե անձնապես ես էլ իմ ձայնը կտայի Մանե Թանդիլյանին, սակայն մենք մեզ համար ընտրել ենք սկզբունք և առաջնորդվում ենք այդ սկզբունքով»։