Վերելակից՝ կլոր սեղան․ հրատապ լուծում՝ Արցախի հարցում
Այսօր պաշտոնական Բաքուն կրկին անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և բարձրաձայնել դրա վերաբերյալ իրենց երազած տարբերակի մասին։
«Բաքուն պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու նրանց բարձր մակարդակով ինքնավարություն տալ: «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և հավելել․
«Մեր երկիրն ինչպես ապահովում է սեփական քաղաքացիներին՝ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին, պատրաստ է նմանապես, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, դա անել նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքացիների համար։ Բաքուն պատրաստ է ԼՂ-ի հայ բնակչությանը «բարձր մակարդակով ինքնավարության իրավունք տալ՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:
Այս հայտարարությունից մի քանի ժամ անց հնչեց հայկական կողմի պատասխանն առ այն, որ՝ «Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն» ։
Ադրբեջանի արտգործնախարարի այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ։
Եվ այդ հանդիպումից առաջ Ադրբեջանը հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանների շրջանակում բարձր մակարդակի ինքնորոշման իրավունք տալու մասին ադրբեջանական կողմը մի քանի անգամ հայտարարել է, իսկ այս վերջին հայտարարությունը փաստում է այն մասին, որ
Բաքուն ոչ միայն չի փոխել իր դիրքորոշումը, այլև Ալիևը որոշել է ցույց տալ, որ նախկին բանակցային պայմանավորվածությունները չեն կարող իրականություն դառնալ, և ինքը սեղանին է դնում հարցի կարգավորման՝ իր տարբերակը։
Ալիևի հետ «վերելակային պայմանավորվածություններ» ձեռք բերած Նիկոլ Փաշինյանին Ալիևի այս քայլը պետք է անհանգստացնի շատ խիստ՝ ստիպելով Պուտինի հետ հանդիպմանը խոսել այս մասին։
Պուտին-Փաշինյան օրակարգի հրատապ թեման ավելի ակնառու է դառնում, երբ կա ադրբեջանական կողմից ևս մեկ հայտարարություն՝ այս անգամ՝ Միլանում ձեռք բերված ինչ-որ փոխըմբռնման մասին։
NEWSPRESS.am