Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. պաշտպան
Դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել: Այսպիսով կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով: Այդ մասին այսօր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրրիգորյանի խափանման միջոցի հարցի քննությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ դեռևս չի ստացել որոշումը և մանրամասներին չի տիրապետում:
«Ես հենց նոր դուրս եկա մի տեղի դռներից, որտեղ դատավոր Մարինե Մելքոնյանը դարձերլ է ՀՔԾ-ի մասնաճյուղ, և շատ հաջող իր մոտ ստացվել է: Անձամբ ես չեմ ճանաչում նման մեղադրանքներով մեղադրյալ, ով վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ, այսքան երկար ժամանակ պահվում է կալանքի տակ: Կարծում եմ՝ անարդար է»,- ասաց պաշտպանը:
Նա հավելեց, որ երեկ վատացել է Գրիգորյանի առողջությունը, և շաքարի ցուցանիշը եղել է 21.6 երեկ երեկոյան էլ՝ 23:30-ի դրությամբ, ըստ պաշտպանի, այդ ցուցանիշը եղել է 22,6:
Մանվել Գրիգորյանի բացակայությունը դատական նիստին Մկրտչյանը բացատրեց հենց Գրիգորյանի առողջական վիճակով: