Փաշինյանը դեռ չի հասկացել, որ «փողոցային ժողովրդավարության օրենքները» կիրառելի չեն մեծ քաղաքականության մեջ. Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն արձագանքել է ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 16-ին արված հայտարարությանը, այն մասին, որ ինքը պատրաստվում է ՀԱՊԿ անդամ երկրներ հանդիսացող՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահների պահվածքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Գլազը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, կարծես թե, իրեն միջազգային դատախազ է պատկերացնում՝ լիազորված ներելու կամ պատժելու իրավունքներով: Միգուցե դա ընդունելի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքում, ով Հայաստանի քաղաքացի է: Միջազգային հարաբերություններում, սակայն, գործում են արարողակարգի և էթիկետի միանգամայն հստակ նորմեր: Հավանաբար, պարոն Փաշինյանն առայժմ չի հասկացել, որ, այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության օրենքները» կիրառելի չեն մեծ քաղաքականության մեջ: Ցավում եմ: Հուսով ենք, որ ժամանակի հետ դա անցնի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում զարմանք էր հայտնել, թե ինչպես Լուկաշենկոն կարող էր ռազմաքաղաքական դաշինքի անդամ երկրների ղեկավարների փակ հանդիպման մասին պատմել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող՝ Ադրբեջանի դեսպանին: Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ապա, ըստ Փաշինյանի, նա իրենց պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել՝ դռնփակ նիստից հետո ասելով, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: