Արայիկ Հարությունյանը՝ ՀՀԿ-ի՝ ամենալուրջ ընդդիմադիր մրցակիցը լինելու մասին
Ցանկացած մեկը, ով մասնակցում է ընտրությանը, նա մրցակից է, և բոլորին էլ պետք է հավասարապես լուրջ վերաբերվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Հարցին, թե ինքը Հանրապետականին համարում է ամենալո՞ւրջ մրցակիցը, Հարությունյանը պատասխանեց, որ ինքն այդ հարցին կանդրադառնա նախընտրական ցուցակը հրապարակելուց հետո՝ հավելելով, որ բոլորին է պետք լուրջ վերաբերվել:
Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ տարիներ շարունակ գործիք դարձած ուսուցիչների՝ այս անգամ ընտրություններին միջամտելուն, Հարությունյանն ասաց. «Ես մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի վարչության պետերի հետ հանդիպել եմ ու հերթական ցուցումներն է եղել, որ մենք դպրոցին քարոզչությունից զերծ պահենք: Կարծում եմ՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ Երևանի ու տարբեր քաղաքների, մենք այդ հարցը լուծել ենք»,- եզրափակեց նախարարի ժ/պ-ն: