Պետք է այնպես անել, որ անցումը տեղի ունենա օրենքի սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ աղմկահարույց օրինագծի մասին
Ստորագրելո՞ւ է ԱԺ-ի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի աղմուկ հանած օրինագիծը նախագահ Արմեն Սարգսյանը, թե՞ ոչ, այդ հարցին նա դեռ կանդրադառնա, իսկ մինչ այդ, լրագրողների հետ զրույցում նա հայտնեց իր դիրքորոշումը:
«Այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Ազգային ժողովի հետ, ես հայտարարել եմ, որ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և, իհարկե Սահմանադրության, սահմաններում»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նա նկատեց, որ արտերկրից վերադառնալուց հետո սկսել է իր հանդիպումները և՛ վարչապետի հետ, և՛ ԱԺ նախագահի, և՛ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ:
«Պետք է հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք՝ այնպես անել, որ անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը: