Խորեն Հովհաննիսյան. ՀՖՖ նախագահի նոր անուն է շրջանառվում
NEWSPRESS.am-ն արդեն իսկ բարձրաձայնել է ՀՖՖ-ում Ռուբեն Հայրապետյանի ձեռամբ տեղի ունեցող անօրինական գործողությունների մասին:
Արդեն անքննարկելի փաստ է, որ Ռուբեն Հայրապետյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վերընտրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում և շարունակի վայելել պաշտոնը:
Եկել է մի շրջան, երբ ֆուտբոլասեր հանրությունը և ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ այլևս չեն կարողանում տանել Ռուբեն Հայրապետյանի նախագահությունը և փորձում են ֆուտբոլային աշխարհում ևս թավշյա փոփոխություններ իրականացնել:
Հետաքրքրական է, որ առաջացած խնդիրների մասին իր կարծիքն է արտահայտել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ արդեն 20 տարի է հայկական ֆուտբոլը ճգնաժամի մեջ է: Բայց կա հավատ, կան հույսեր, որ անպայման պետք է լավ լինի:
Խորեն Հովհաննիսյանն իր հարցազրույցում ասում է, թե ինքը պատրաստ է նախագահել ֆեդերացիան: Սա ֆուտբոլասեր հանրության համար լավագույն խոսքն էր, որ հնարավոր էր լսել Հովհաննիսյանից: Ռուբեն Հայրապետյանի ձախողումների ֆոնին հայկական ֆուտբոլին պետք է նման պրոֆեսինալ, ով կկարողանա ճահճից դուրս բերել մարզաձևը:
Նկատենք, որ Հովհաննիսյանը լավագույնս կկարողանա գլխավորել ֆեդերացիան և ֆուտբոլը Հայաստանում ակտիվացնել, ներդրումներ ներգրավել և մարզչական պրոֆեսիոնալ կազմ ստեղծել:
Ի դեպ, Խորեն Հովհաննիսյանին շատերն են տեսնում որպես ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահ և, ամենայն հավանականությամբ, նրա թեկնածությունը սատարողների մեծ բանակը կկարողանա հասնել իր նպատակին և Հայրապետյանին զրկել նախագահությունից, փոխարենն ունենալ ժողովրդի, ոլորտի մասնագետների հարգանքը վայելող նախագահ: