Թող Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի. Սերժ Սարգսյանի եղբայրը մերժել է. շտապ հաղորդագրություն
«Հիմնադիր խորհրդարանը» շտապ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է
«Հայտնում ենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանը, որն արդեն 18 օր է գտնվում է առողջությանը սպառնացող հացադուլի մեջ։
Գարեգին Չուգասզյանը այսօր մամլո ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել է այնտեղ, հացադուլին զուգահեռ, նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը։ Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է, «Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի»։
Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս անմարդկային վերաբերմունքը համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում և հորդորում ենք երկրում հեղափոխական իրադրությանը նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը և շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով։
Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վաչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։
Նշենք նաև, որ Գարեգին Չուգասզյան մտավորականը Մատենադարանի 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Չուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում։
Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության օրենքներին, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին»: