Ոստիկանությունը մեծաթիվ զորքով ու տեխնիկայով պատրաստվում է կառավարության նիստին (լուսանկարներ)
Այսօր կառավարության նիստն, ինչպես սովորաբար է լինում, առավոտյան չի կայացել: Փոխարենը կառավարությունից հայտարարվել էր, որ նիստն այսօր տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Նիստի մեկնարկի ժամի ու տեղի մասին պաշտոնական տեղեկատվության չկա, կառավարությունից այնտեղ հավատարմագրված լրագրողներին միայն տեղեկացրել էին, որ ապրիլի 19-ին՝ ժամը 18:15-ին, կառավարության նիստից հետո կառավարության մամուլի սրահում կկազմակերպվեն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների վերանշանակված նախարար Սուրեն Կարայանի ճեպազրույցները:
«Մերժիր Սերժին» ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ կառավարության նիստը տեղի է ունենալու ժամը 17:00-ին, և իրենք պատրաստվում են խաթարել այն: Ոստիկանությունն իր հերթին հայտնել էր, որ պետական կառավարման մարմինների շենքերը հանդիսանում են պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել օբյեկտները՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք կիրառելով:
NEWSPRESS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպիսի տեխնիկա և ոստիկանական ինչպիսի ուժեր են կենտրոնացված կառավարության հարակից փողոցներում:
Նշենք, որ կառավարության շենքի գլխավոր մուտքը հսկում են բացառապես կին ոստիկանները: