Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին
Լոնդոնում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է արտիստի ռուսաստանյան ներկայացուցիչ Աննա Իլյինան:
«Ցավոք, իսկապես դա պատահել է»,- ասել է նա:
ՏԱՍՍ գործակալությունում պաշտոնական հաղորդագրություն է ստացվել նաև 21C Media Group-ի գործադիր փոխնախագահ Շոն Մայքլ Գրոսսից, ով արտիստի՝ Լոնդոնի պաշտոնական ներկայացուցիչն է:
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 3:20-ին, Լոնդոնում մահացել է Դմիտրի Ալեքսանդրովիչ Խվորոստովսկին՝ բոլորի կողմից սիրված բարիտոնը, հիասքանչ ամուսինը, հայրը, որդին ու ընկերը: Նա մահացավ 2.5 տարի ծանր հիվանդության՝ գանգուղեղի ուռուցքի դեմ պայքարելուց հետո: Նա ընդամենը 55 տարեկան էր»,- ասված է հաղորդագրությունում՝ հավելելով, որ երգիչը կյանքի վերջին օրերն ապրել է Լոնդոնի իր տնից ոչ հեռու՝ հարազատներով շրջապատված: