Պատերազմին այլընտրանք կա. Արա Այվազյան
«Տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։ Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Դիվանագետների համահայկական խորհրդի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին դիվանագետների խորհուրդը կազմակերպելու է կլոր սեղան, քննարկումներ այդ օրակարգի ուրվագծերը հանրությանը ներկայացնելու համար։
«Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,- ասաց Այվազյանը։
Նա նկատեց, որ եթե լայն սատարում, կոնսենսուս լինի, դիվանագիտությունը կարող է հանդես գալ ամուր դիրքերով, դառնալ բովանդակալից զրուցակից, խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր դերակատարների հետ։
«Եթե ոչ, դիվանագիտությունը դառնում է ներքաղաքական պայքարի անհեռատես, վնասակար, կործանարար գործիքք»,- ասաց Այվազյանը։