Fitch-ի կանխատեսումը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ. աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վերաբերյալ իր 2024թ. կանխատեսման մեջ կարծիք է հայտնել այն մասին, որ աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են։
«Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին ԼՂ-ի (Լեռնային Ղարաբաղ- խմբ.) զավթումից հետո Հայաստանը ներկայում փորձում է պայմանավորվել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Մեր կարծիքով՝ աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են, քանի որ երկու երկրների միջեւ մնում են մի քանի վիճելի հարցեր, ներառյալ Ադրբեջանի եւ նրա էքսկլավ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի շինարարությունը, որն անցնելու է Հայաստանի տարածքով, եւ սահմանազատումը որոշ շրջաններում»,- նշել են գործակալության փորձագետները։
Միաժամանակ, կանխատեսման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի տնտեսությունը խիստ կախված է Ռուսաստանից առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում, եւ Fitch-ը նշանակալի դիվերսիֆիկացիա չի սպասում Ռուսաստանից հեռանալու հարցում։
«Սակայն հարաբերությունները Ռուսաստանի հետ դարձել են լարված Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման իր խոստումները ենթադրաբար կատարել չկարողանալուց հետո։ Հայաստանը շարունակում է կիրառել արեւմտյան պատժամիջոցները՝ ուղղված ռուսական կազմակերպությունների դեմ բանկային հատվածում։ Այնուամենայնիվ, ապրանքների արտահանումը Ռուսաստան 2021-ից ավելացել է գրեթե 300 տոկոսով»,- ընդգծում են գործակալության փորձագետները։