«Ռոստելեկոմ»` երբ անկապ է կապդ
Վերջին 2 ամսում արդեն երկրորդ անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում «Ռոստելեկոմի» կապը ժամերով խափանվում է: Ու երբ ասում ենք` կապն անկապ է, ամենևին էլ նկատի չունենք բառի` առօրյայում գործածվող իմաստը, թե այն վատ կամ դանդաղ է աշխատում, ամենևին: Խոսքն այն մասին է, որ ընդհանրապես կապ չկա. ան-կապ է` առանց կապի:
Հեռավար աշխատանք կատարողների դեպքում հատկապես «Ռոստելեկոմի» վրա հույս դնելը պարզապես միամտություն է: «Տեխնիկական խնդիր կա»,- անգիր արած պատասխանում են խեղճացած ձայնով օպերատորները ու, «շառից-փորձանքից» հեռու, չեն էլ ասում, թե երբ է պետք սպասել այս` փաստի առաջ կանգնեցնող, կոմայի մեջ գտնվող կապի «հարություն առնելուն»:
Փաստն այն է, որ հունիսի 29-ին, առնվազն 21:13-ից սկսած «Ռոստելեկոմը» «տեխնիկական խնդիր ունի» ու, այս պահին, արդեն 4-րդ ժամն է` կապ ապահովելուն կոչվածն ուղղակի անկապ է:
Նշենք, որ խափանված է նաև հեռուստատեսությունը, որը պետք է ապահովեր այս անկապ մնացած կապը:
Այս կապն ապահովողներին տեղեկացնենք, որ մալուխների և այլ, իրենց սիրած բառով ասած, «տեխնիկական խնդիրների» պատասխանատուն ևս իրենք են: Համենայն դեպս, իրենք են հանդիսանում «ծառայություններ մատուցող», «սպասարկող» կողմ:
Չէ՞ որ, վճարման օրը լրանալուն պես, բաժանորդների ինտերնետ-կապն անջատում են ու թքած ունեն, թե դու հնարավոր է «տեխնիկական խնդիրներ» ունես ու վճարում անել չես կարող, որովհետև վճարման պատասխանատուն էլ բաժանորդն է:
Իրենց պատճառով չկատարած աշխատանքի դիմաց կրած վնասի փոխհատուցում պետք չէ, բայց գոնե փոքրիկ, թեկուզ ֆեյսբուքյան հաղորդագրությունը, որում ներողություն կխնդրեն բաժանորդներից, չէր խանգարի հաճախորդին: Չնայած կխանգարեր, թերևս հենց իրենց «բարի-գունավոր» իմիջին, որի ետևում 4 ժամ (գուցե շատ ավելի) ընդհատված կապ է ընդամենը: